անդրադարձ

Ալիսը ֆիլմերի աշխարհում

Սոնա Կարապողոսյան

Փառատոնի տնօրինության` էմբարգոյի իրավունքի մասին նամակ ստանալն ուղեկցվում է արգելված մտքերի մասին մտածելն արգելելու որոշումով: Պաշտպանիչ շերտը լազուրային կապույտի մեջ աչք ծակող «Սպիտակ ժապավենն» է, որը 2009-ին արժանացել է Կաննի գլխավոր մրցանակի: Նկատվում է դեռևս ինքնաթիռի պատուհանից: Մեծագույն կինոբացահայտումներին մնացել է մեկ օր:

Առավոտը սկսվսում է ողնաշարի առկայության մասին զրույցներով, բայց քեզ անհանգստացնում է միայն ձվի հոտը, որից հույս չկա ազատվելու մինչև փառատոնի ավարտ: Բերածդ բոլոր շորերը չեն համապատասխանում եղանակային ծայրահեղություններին, բայց հագնելու ես, քանի որ գեղեցիկ են: Նստում ես 200-ը ու դեպի Կանն: Տեղում ես: Վերջապես ստանում ես երկշաբաթյա ավետարանդ` ֆիլմերի ցուցադրությունների ցանկը, որը ընթերցելու ու վերընթերցելու ես օրվա մեջ հազար անգամ: Շաբաթվա ընթացքում ավելանում են նոր սրբագրեր: Գնալով իդեալական պլանավորման մեղադրանքի մարտահրավերն ավելի վտանգավոր ու ինքնակործանիչ է դառնում:

Ստուգում են, մտնում ես, ակնոցդ ես դնում, որ բարևներ ընդունես, գլխապտույտ. դուրս ես գալիս: Միանում ես կրեմագույն պայուսակների հերթին ու արդեն շրջանակի մեջ ես: Գովելի բարոյականության շնորհիվ կանգնում ես սահմանված տեղում, երբեմն հերթի ընկերներ ես ձեռք բերում, ինչից չես օգտվելու՝ գովելի բարոյականության պատճառով: «Մակաբույծ» չես ուզում լինել: Սրտի թրթիռը հղում է տալիս ուսանողական տարիների նախաքննական պահերին. սարսափում ես կյանքիդ մի ժամը միջերկածովյան քամիներին տալուց: Սրտիդ աշխատանքն արագանում է՝ հերթիդ հասնելուն զուգահեռ: Վերջապես ներս են թողնում, ու կարմիր գորգին նայելով՝ վազում ես վերև: Չես կարողանում հիշել, թե ինչու ես էլի պայուսակդ բաց թողել: Գործընթացը կրկնել օրվա մեջ մի չորս անգամ:

Բարեբախտաբար, ունես քո դրախտը, որտեղ պաշտպանված ես ամենից: Քո դրախտում անսահմանափակ քանակության վարդագույն գինի կա ու սուրճ: Պայմանը մեկն է` չքնել: Քնելն ընդհանրապես կապ չունի փառատոնի հետ: Եթե 24 ժամվա մեջ հինգ ժամից ավել ես քնել, խիղճդ սկսում է տանջել: Ասում է` երկու շաբաթվա մեջ ավելի շատ հերթ է կանգնել, քան քնել: Հերթ կանգնելը, թերևս, փառատոնի միակ զվարճանքն է: Ընթացքում սկսում ես բազում նախագծեր մշակել՝ տարբեր դահլիճներ մուտք գործելու, ժամանակը ճիշտ օգտագործելու և եղանակային քմահաճույքների զոհը չդառնալու համար: Իհարկե, միայն դու ես այդքան խելացի. մինուս մեկ ֆիլմ: Վերջում ամոթով խոստովանելու ես, որ ընդամենը քսանհինգ ֆիլմ ես տեսել:

Սկսում ես հերթը կիսելու հրավերներ ստանալ, և գովելի բարոյականությունը տեղի է տալիս. ուզում ես տեսնել «Փարոսը» ու կանադացի ռեժիսորի բարձր հովանու ներքո խելագարության հասնող Ռոբին ու Վիլեմ Դեֆոյին: Կաննում ապշեցնում է հենց կինոերկրպագությունը ու հարգանքը հանդիսատեսի նմատմամբ: Նույն «Փարոս»-ի ցուցադրության համար հավաքվել է շուրջ հազար մարդ, որոնց կեսն ուղղակի չի տեղավորվելու Քրուազեթում: Ֆիլմից վայրկյաններ առաջ դահլիճ է մտնում կազմակերպիչներից մեկն ու խնդրում ձեռք բարձրացնել նրանց, ում կողքին ազատ նստատեղ կա: Շուտով հինգ երջանիկներ ներս են պրծում դահլիճ:

Օրերից մի օր հանդիսատեսային օրգիա է, նույն ինքը` Տարանտինոյի ֆիլմի ցուցադրությունը: Հերթում են անգամ նրանք, ովքեր ժամանակ ունեն միայն փառթիների «Թաքնված կյանքի» համար: Գիտեն, որ ծանոթներն իրենց համար հետֆիլմային փառթիի հրավեր չեն ճարելու, գոնե ֆիլմում Բրեդին տեսնեն: Առաջին երկու փորձերը ձախողում ես: Հետո անվտանգությունը խնդրում է սեփական ձեռքով աղբը գցել պայուսակիդ միջի միակ կանաչ խնձորը, որ պիտի օրվա լանչը լիներ: Իհարկե, հետփառատոնային օրերին միջադեպը ներկայացնելու ես որպես կաննյան մեծագույն ֆրուստրացիա, այն իրականում ապրում ես հաջորդ օրը: Հերթական հերթային ընկերոջդ պատմում ես, որ չես գալիս վաղ առավոտյան ցուցադրություններին, քանի որ շատ հեռու ես ապրում: Խոսքիդ զուգահեռ մտքում սկսում ես մաթեմատիկական հաշվարկներ անել` հասկանալու, թե քանիսին է պետք արթնանալ՝ 8:30 Կաննում լինելու ու Աբդելատիֆ Քեշիշի կինոմաստուրբացիան նայելու համար: Փորձում է, ռացիոնալ պատճառաբանություններ բերելով, քեզ հետ պահել վաղ առավոտյան ճանապարհորդությունից, բայց ալարում է: Վեր ես կենում 6-ին, հագնվում, վազում ես Կանն: Հասնում ես վեց րոպե ուշացումով: Մինուս ևս մեկ ֆիլմ: Ստիպված ես ինքնաբավարարման այլ մեթոդներ փնտրել քաղաքում, որը դեռ խորը քնած է:

Արդեն օրվա վերջին իջնում ես շարժասանդուղքով ու ոգևորված պատմում ես օրվա արկածների մասին. զգում ես, որ էլի քեզ չի լսում, պտտվում ես՝ ընդգծված հեգնանքով կշտամբելու, ու նրա փոխարեն տեսնում ես Ալեն Դելոնին: Փոփոխությունը քեզ դուր է գալիս: Շուտով Դելոնի թիկնապահը նույն կերպ է վարվում քեզ հետ, ինչպես նրա: Հասնում ես ցուցադրության ու Հերցոգը գալիս ու նստում է առջևումդ: Նրա գլուխը խանգարում է կարդալ ենթագրերը: Հետո տեսնում ես Տարանտինոյին, որ եկել է «Վայրի սագի լիճը» նայելու ու մտքեր ընդօրինակելու, հետո Թիլդա Սուինթոնին, որ շնորհակալություն է հայտնում Դարդեն եղբայրներին՝«Երիտասարդ Ահմեդը» նայելուց հետո:

Դրսում տեսնում ես գեղեցիկ ու գերտոնական հագնված երիտասարդների, որոնցից ամեն մեկի ձեռքին օրվա ֆիլմերից մեկի անունը կրող պաստառ է: Ցուցադրությանը մասնակցելու համար ամեն բան ունեն, խնդրում են միայն հրավիրատոմս: Արդեն ուշ երեկոյան այս զարդարված հասարակությանը հանդիպում ես կեղտոտ ու գարշահոտ մետրոյում. «բիգ մակ» ուտելով` գնացքի են սպասում: Նույն գնացքում ոգևորված պատմում է հեդոնիստական տրիումֆը նայելու իր փորձառության մասին ու մոռանում պայուսակը գնացքի մեջ:

Մրցանակաբաշխությանը որոշում ես հետևել քո դրախտից: Վերջին հաղթողի հայտարարությունից մի ակնթարթ անց լսում ես` կհանդիպենք մյուս տարի: Բոլորը ոտքի են կանգնում, պոկում են պատի փակցված կաննյան պաստառները ու մեկ րոպե անց սրահն արդեն դատարկ է: Արագ հեռանում ես քաղաքից, որ չտեսնես, թե ինչպես է այն մեռնում: Հայրենիք ես վերադառնում հերթական «չքաղաքակրթված» սպորտային թիմի մարզիկների հետ ու անհամբեր սպասում հետփառատոնային դեպրեսիային: Նվեր միայն ծնեբեկ ես բերել: