վերլուծություն

ՌեԱնիմանիա. Պատկերներ շարժելու ուրախ բանաձև

Նունե Հախվերդյան

ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի ու պատկերապատման միջազգային փառատոնը, որն անցկացվեց Երևանում արդեն 10-րդ անգամ, ունի բոլոր հնարավորությունները դառնալու հեռանկարային:
Հայաստանում ավանդապես վիզուալ արվեստի ինքնուրույն ու ինքնաբավ ճյուղ է եղել նկարչությունը՝ իր բոլոր ոճային ու տեխնիկական առանձնահատկություններով: Այն, ինչ չեն կարողացել ու չեն կարողանում անել սինթետիկ ու շատ մասնակից օղակներ պահանջող արվեստի տեսակները՝ թատրոնը կամ կինոն, անում է մեկուսի աշխատանք պահանջող նկարչությունը:
Նկարներ, պատկերներ, իլյուստրացիաներ ստեղծվում են անդադար ու հաճույքով՝ նաև հեշտ ու մատչելի տեխնոլոգիաների շնորհիվ: 21-րդ դարը պատկերների դար է՝ բարդ ֆոտոկոմպոզիցիաներից ու թեմատիկ կոլաժներից միչև վայրկենական էսքիզ:
Առատ պատկերների դարում անիմացիան առանձնակի դեր է ստանում, քանի որ առաջարկում է հազար ու մի եղանակ պատկերները դնելու շարժման մեջ ու սեփական պատմությունը պատմելու՝ առանց մեծ ծախսերի ու կինոարտադրության ինդուստրիայի մաս կազմելու:
Անիմացիան (կամ գեղեցիկ հայերեն բառով ասած՝ շարժապատկերը) պահանջված է գովազդում, երաժշտական, կրթական ասպարեզում, լրագրության մեջ, վավերագրական կինոյում:
Սակայն անգամ դառնալով կիրառական կամ բացատրական լեզու, անիմացիան, միևնույն է, պահպանում է այն հեղինակային դրոշմը, որը կարող է տեսահոլավակը կամ վավերագրությունը դարձնել եզակի, գրավիչ ու թարմ արվեստի գործ:
ՌեԱնիմանիա փառատոնը փորձում է փոխանցել այդ գրավչությունը՝ ցուցադրելով Հայաստանում անիմացիոն գեղարվեստական ֆիլմերի լավագույն նմուշները և միաժամանակ ներգրավելով մասնակիցների ամենաշնորհակալ հատվածը՝ պատանիներին:
Այս փառատոնը ընդգծված երիտասարդական է:
Պատանիներին են ուղղված սեմինարների ու վարպետության դասերի շարքերը, որոնք անցկացնում են տարբեր երկներից ժամանած հյուրերը՝ պատմելով սցենարի կառուցման, հերոսների ստեղծման, անիմացիոն աշխատանքների առաջխաղացման հմտությունների մասին:
Հաճախ պատանիները, որոնք ունեն նկարելու ձիրք ու լավ գաղափարներ, պարզապես չեն կարող դրանք ավարտուն արտադրանքի հասցնել՝ կառուցելով գրաֆիկական նովել կամ անիմացիոն ֆիլմ:
Պատմություն պատմելու կարողությունը (storytelling-ը) ամենալուրջ բացթողումներից է մեր կրթական համակարգում, հատկապես արվեստի հաստատություններում, որի պատճառով էլ կաղում են «պատմող» արվեստի տեսակները: Կինոն, օրինակ, տրամաբանական ու հոդաբաշխ սցենարների պակասի պատճառով մնում է հիմնականում պսևդոարտհաուսային, պսևդոհեղինակային քողի ներքո ու չի վերածվում գրագետ, հետևաբար նաև՝ ազդեցիկ, աշխտանքների:
Անիմացիայով այդ բացը ավելի հեշտ է լրացվում, քանի որ շարժապատկերային պատմությունը սկզբում կարող է լինել պատկերապատում (գրաֆիկական նովել) և հետո արդեն ֆիլմ: Բայց բոլոր դեպքերում այն պետք է կառուցվի՝ ուրախ ու մասնագիտորեն:
ՌեԱնիմանիան արդեն մի քանի տարի է ուղարկում է երիտասարդ հայաստանցիներին՝ ուսանելու Ֆրանսիայի հանրահայտ Անգուլեմի անիմացիոն դպրոց: Իսկ այս տարի Երևան էին եկել Աննեսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի մասնագետները, որոնք հավաքարում էին նախագծեր Animation du Monde ծրագրի համար: Այդ ծրագիրը գործում է ճգնաժամային պայմաններում հայտնված կինոարտադրություն ունեցող երկներում ու հավաքագրում նախագծեր՝ միջազգային համարտադրողներին առաջարկելու համար:
Այս տարի ֆրանսիացի մասնագետները մեկ շաբաթ աշխատել են նախագծերի հեղինակների հետ` պատրաստելով փաթեթներ՝ կինոշուկայում ներկայացնելու համար: Եվ արդեն 2019 թվականի ամռանը Անեսիի կինոշուկա կմեկնի միանգամից երեք հայաստանցի երիտասարդ՝ Լիլիթ Ալթունյանը, Իննա Սահակյանը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ստեղծված «Yelling Animations» ստարտափ-ստուդիան:
Հետաքրքիր է, որ հենց երիտասարդներն են զգում սթորիթելինգի կարիքը:

Պատկերապատումները որպես փաստերի մեկնաբանություն

ՌեԱնիմանիա շրջանակներում բացված պատկերապատումների ցուցահանդեսը, որը կոչվում էր «Կոմիքս կենտրոնացում» ու երբևէ Հայաստանում ներկայացված ամենամեծ ժանրային ներկայությունն էր, դրա վկայությունն էր:
Ցուցահանդեսում ներկայացված էին այն բոլոր նախաձեռնությունները, որոնք կամ արդեն դարձել են գիրք (պատմություն), կամ ձգտում են դրան: Եվ գրեթե բոլոր երիտասարդները, որոնք պատկերային պատմություններ են հնարել, սցենարի խնդիր ունեն:
Օրինակ, «Մայրո» ստուդիայի երիտասարդները, որոնք փորձում են վավերագրական պատմության վերածել 2018-ի գարնանը մեկնարկած «Իմ քայլը» շարժումն ու հեղափոխությունը, կանգ են առել՝ հայտնվելով սցենարական ծուղակներում: Նրանք չեն հորինում, այլ ուզում են փաստացի ներկայացնել Հայաստանի թավշյա հեղափոխությունը, բայց առաջնայինը «Ինչպե՞ս» հարցն է:
Վավերագրությունն ու դեմքերի և դեպքերի ճշգրտությունը կարևոր, բայց ոչ բավարար պայման են: Անգամ չի փրկում Նիկոլ Փաշինյանին Բեթմենի դերում պատկերելը. հարկավոր է գտնել բալանսը փաստի ու հորինվածքի միջև, որպեսզի չտուժի թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Ի դեպ՝ փաստերի վրա հիմնված աշխատանքները շատ են: Ցուցահանդեսում ներկայացված էին հատվածներ պատկերապատումներից, որոնք պատմում են Հայոց Ցեղասպանության, հայրենադարձության ողբերգության, Մեսրոպ Մաշտոցի կերպարի մասին:
Իսկ, օրինակ, ռուս երգիծանկարիչ Ալեքսեյ Յորշը դոկումնետալը դարձել էր սուր արտահայտչամիջոց՝ պատկերապատմելով Ռուսաստանում տեղի ունեցող ճնշումները: Նա մանրամասն ներկայացում է «Փուսի Ռայոթ» խմբի հետապնդումներն ու դարձնում իր պատկերապատումները քաղաքական կոչեր՝ ծավալուն տեքստերով:
Թերևս խնդիրը մեկնաբանելու ունակ լինելն է: Չի կարող լինել միայն փաստ, այն անպայման պետք է մեկնաբանվի: Գումարվի հեղինակը…
Եվ եթե չի ստացվում միանգամից համադրել հեղինակային հայացքն ու նկարելու շնորհը (ինչպես, օրինակ, տեղի ունեցավ լավագույն պատկերապատումներից մեկի՝ պարսկուհի Մարջան Սաթրափիի «Պերսեպոլիսի» դեպքում), ապա ցանկալի է, որ նկարիչը հանդիպի գրողի:
Կամ էլ, առնվազն, լրագրողի:

Ֆիլմեր-հետաքննություններ

ՌեԱնիմանիա2018-ի մրցութային ծրագիրը ցույց տվեց, որ վերջին տարիներին ստեղծված անիմացիոն ֆիլմերի հիմքում մեծամասամբ լրագրողական հետաքննություններն են:
Անիմացիան (համենայնդեպս, եվրոպական) դանդաղորեն իր վրա է վերցնում ոչ այնքան ժամանցի, որքան սուր ասելիքի ֆունկցիան: Իհարկե, սուր քաղաքական ու սոցիալական թեմաները հաճախ են հայտնվում շարժապատկերներում, բայց հիմա այն կարծես համատարած բնույթ է կրում:
Այն, ինչ չի ստացվի ցույց տալ կենդանի մարդկանցով, արվում է նկարված հերոսներով:
Օրինակ, ինչպես Ռեանիմանիայի լավագույն ֆիլմ ճանաչված «Քրիսը՝ Շվեյցարիայից» (Chris the Swiss) ֆիլմում, որի առանցքում երկընտրանքի առջև կանգնած լրագրող է, իրական մարդ՝ իրական հանգամանքներում:
Քրիսը մեկնում է Հարավսլավիա՝ գրելու այդ ցնցվող ու, ի վերջո, բզկտվող պետության մասին: Նա հասկանում է, որ լավ պատմություն պեղելու համար հարկավոր է մտնել որքան հնարավոր է խորը: Ասենք, գրվել ապստամբների բանակ, դառնալ զինվոր, զենք կրել, որպեսզի հետագայում հնարավոր լինի գրել հետաքրքիր փաստերով հոդվածներ: Բայց հետոն չի լինում, քանի որ Քրիսին Կոսովոյի պատերազմի ժամանակ սպանում են հենց ապստամբները: Փաստորեն, լրագրողը շատ խորը շերտերում արեց պեղումները և չկարողացավ զգալ այն սահմանը, երբ այլևս վերադարձ չկա: Երբ արդեն ոչ թե ումնասիրող ես, այլ մասնակից:
Տարիներ հետո Քրիսի զարմուհին՝ Անյա Քոֆմելը, ուղևորվել է Կոսովո ու նկարահանել այս անիմացիոն ֆիլմը:
«Քրիսը՝ Շվեյցարիայից» մաքուր անիմացիա չէ, այն պատկերների ու վավերագրության խառնուրդ է: Անցյալը նկարված է, ներկան՝ նկարահանված:

Նույն ոճն ունի նաև «Հերթական մի օր» (Another day of life) լեհ-իսպանական ֆիլմը, որի հերոսը նույնպես պատերազմում հայտնված լրագրող է: Այս ֆիլմը ստեղծվել է տասը տարվա ընթացքում՝ ցույց տալով Անգոլայի քաղաքացիական պատերազմը լուսաբանող լեհ լրագրողի իդեալներն ու սխալները:
Ընդհանրապես, այս տարվա գրեթե բոլոր հաջողված ու տարբեր միջազգային մրցանակներ ստացած ֆիլմերը ծանր թեմաներ են առաջ քաշում:
Ինչպես Քամբոջայի կարմիր քմերների բռնաճնշումների պատճառով ընտանիքների քայքայումն ու տոտալիտար կարգերի հաստատումը (ճակատային ուղերձներով «Ֆունան» ֆիլմը, Funan):
Կամ 1950-ականների ֆրանսիական բանվորական շարժման ճնշումն ու սպանությունները, երբ շինարարները պայքար են մղում հանուն իրենց աշխատանքային իրավունքների: Եվ ի վերջո, նրանց պայքարն ու ցույցերը փրկում է պոեզիան (չափազանց ռեալիստական «Մարդ է մահացել» ֆիլմը, Un homme est mort):
Բոլոր պատմությունների հիմքում փաստն է, որը դառնում է ասելիք, երբեմն նաև ստորադասելով պատմության գրավչությունը: Բայց հենց անիմացիան է դառնում փաստը ներկայացնելու լավագույն միջոցը:
Դա ունի մի քանի բացատրություն:
Նախ՝ նկարված պատմությունը թույլ է տալիս խուսափել իրական դոկումնետալ կադրերից, եթե դրանք առանձնակի դաժան ու ողբերգական են (օրինակ, դա օգնեց ֆրանսիացի պրոդյուսեր Կորյուն Ափրիկյանին նախաձեռնել «Վարտո» պատկերապատումը Հայոց եղեռնի մասին):
Նկարված կյանքը բոլոր դեպքերում ենթադրում է դիստանցիա, որոշակի հեռավորություն, որը չկա կինոյում, քանի որ կինոն միշտ մոդելավորում է իրականությունը ներկա ժամանակում: Իսկ անիմացիան կարողանում է խոսել փաստի մասին, փաստից վերացարկվելով ու ընդլայնելով թեման:
Եվ հետո էլ՝ անիմացիան փրկություն է, եթե չկան իրական կադրեր կամ արխիվային նյութեր:
Իհարկե, կարելի է անցյալը վերակենդանացնել կենդանի դերասաններով ու իրական միջավայրերում, բայց դա բարդ է, քանի որ երբ կա դերասան (ամենակամակոր մասնագիտության տեր մարդը), արդեն հայտնվում է իմիտացիան: Հանդիսատեսն ավելի հեշտ ու պատրաստակամ է ընդունում նկարված հերոսին, քան դերասանական խաղը: Նկարելով հեղինակն ավելի ազատ է:
Օրինակ, մյուս տարի Անսիի փառատոն մեկնող Իննա Սահակյանի նախագիծը պատմելու է Ավրորա (Արշալույս) Մարտիգանյանի մասին. մի աղջկա, որը, վերապրելով ցեղասպանությունը, հասել է Ամերիկա ու դարձել իսկական հոլիվուդյան աստղ՝ 18 տարեկանում նկարահանելով «Խոշտանգված Հայաստան» ֆիլմը, որը մեծ դրամարկղային հաջողություն ուներ և որից պահպանվել է ընդամենը կարճ հատված: Այդ կնոջ մասին անիմացիոն ֆիլմ անելը լավ որոշում է հենց այն բանի պատճառով, որ բավարար տեսանյութ չկա:
Ի վերջո, ռմբակոծվելով ինֆորմացիայով, մենք ավելի դյուրին ենք ընկալում վիզուալ մատուցումը: Եվ որպես դրա շարունակություն, ավելի հաճույքով ենք ընթերցում քիչ տեքստով ու շատ պատկերներով նյութերը:
Պատկերապատումը կամ անիմացիան կարող են վավերագրություն կամ լրատվություն լինել, բայց միաժամանակ՝ մի քիչ ավելին: Կարող են լինել վավերագրություն՝ հեղինակային դրոշմով, որտեղ փաստը չի տուժում, այլ նոր ուրվագծեր է ստանում ու կարողանում է առաջ բերել տարբեր ենթատեքստեր:
Այդպես վարվեց ֆրասահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը, որի «Շների պատմություն» (անգլերեն՝ «Հաչող կղզի») կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը լավագույնը ճանաչվեց 2010 թվականի Կաննի կինոփառատոնում: Նա ստեղծեց այլաբանություն՝ ջրաներկային գույներով, որտեղ ցեղասպանության թեման տարրալուծված էր բոլորովին այլ պատմության մեջ, բայց թիրախը հստակ էր:

Բառերով շատ բան չես ասի, իսկ նկարներով կարող ես ասել:
Ինչպես, օրինակ, անում էին սովետահայ անիմատորները:


Ըմբոստ պոռթկումներով սովետական անիմացիա

Հայկական անիմացիան իր 80-ամյա գոյության ընթացքում ամենավառ հետքն է թողել թե՛ սովետական, թե՛ հետսովետական կինոպատմության մեջ: Այն կարողացել է շարժապատկերի սահմանները ընդլայնել դեպի փիլիսոփայական ու սյուրռեալիստական ընդհանրացումներ՝ առաջարկելով այնպիսի վիզուալ ընթերցումներ, որոնք թարմ ու բարդ ենթատեքստային էին:
Առաջին հայկական անիմացիոն ֆիլմը նկարել է Լև Ատամանովը՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի հիման վրա: Դա տեղի է ունեցել շատ սիմվոլիկ 1938 թվականին, երբ Սովետական միությունում արդեն թափ էր հավաքել այլախոհների ու ազատամիտների որսը՝ գրաքննությամբ, աքսորով ու գնդակահարություններով:
Որպես հակակշիռ իրականությանը՝ հիմնվեց «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտիպլիկացիոն բաժինը: Մուլտֆիլմերը Հայաստանում նկարվում էին թեթև դադարներով (գործը կանգ առավ պատերազմական ու հետպատերազմյան տարիներին), բայց արդեն 1960-ականներին մեր ստուդիան արագ ժամանակում դարձավ ԽՍՀՄ-ի լավագույններից մեկը՝ իր աներևեկայելի ազատության շնորհիվ: Վալենտին Պոդպոմոգովը, Ռաֆայել Բաբայանը, Ստեփան Անդրանիկյանը ու, իհարկե, Ռոբերտ Սահակյանցը, կարողանում էին գեներացնել այնպիսի գաղափարներ ու այնպիսի թեթևությամբ որսալ օդում առկա տրամադրությունները, որ թվում էր էքսպերիմենտներ անելու բերկրանքը անխափան կհասնի մինչ մեր օրեր:

Բայց, ավաղ, շատ բան կանգ առավ անկախ Հայաստանում ու հիմա, երբ նույնիսկ հայտնվում են լավ աշխատանքներ, չի ստացվում խոսել դպրոցի մասին:
Մինչդեռ Սովետական Հայաստանում դա իրոք դպրոց էր, որը կարողանում էր ապահովել թռիչք-փախուստը դեպի շատ սուր հարցադրումներ՝ օգտագործելով վիզուալի ու երաժշտության տողատակային կառույցները (բավական է հիշել ռոքային «Աղվեսագիրքը» կամ «Խոսող ձուկը»):
Ռոբերտ Սահակյանցի շնորհիվ հայկական անիմացիան փայլատակեց որպես ինքնուրույն արվեստի մի ճյուղ՝ իր սեփական ձեռագրով, որտեղ քաղաքականացված էր ամեն ինչը, թեկուզ եթե դիտողները դա չէին էլ կռահում:
Հայկական մուլտֆիլմերը կենսուրախ ու երաժշտական էին: Երաժշտությունն էր թելադրում ռիթմ, դինամիկա, այն ժամանակ չտեսնված կլիպային արագություն, որի առանցքում անընդհատ փոփոխվող ու տրասֆորմացվող աշխարհն էր: Եվ հայկական հողը…
Լավագույն անիմացիոն պատմությունները ստեղծվում էին հայկական գրական հիմքի ու պարադոքսալ ազգային բնավորության վրա, որի մեջ զարմանալի հաշտ գոյատևում էին միամտությունն ու խորամանկությունը, պարզն ու խորքերը, հումորն ու տիեզերական ձգտումները:
Եվ այս տարվա ՌեԱնիմանիան պատվեց հայկական անիմացիայում մեծ հետք ունեցող երաժիշտներին: Հատուկ մրցանակներ հանձնվեցին Ստեփան Շաքարյանին, Տիգրան Մանսուրյանին, Ռոբերտ Ամիրխանյանին և Ռուբեն Հախվերդյանին:
Իսկ հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարեց համերգային ծրագիր՝ կազմված ֆիլմերի համար գրված երաժշտության մշակումներից: Էկրանին հին օրերի անիմացիոն ֆիլմերն էին, իսկ սիմֆոնիկ մեկնաբանությունները դրանք դարձնում էին սիմֆոնիկ գործեր, որոնք ձգվում էին այնքան ժամանակ, որքան հնչում էր նրանց համար գրված երաժշտությունը:
Այս համերգը կոչվում էր «Անիմացիայի սրտի զարկերը», իսկ աջակիցներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակությունը՝ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակում:
Այդ համերգը նոստալգիկ էր, քանի որ բոլոր դեպքերում անիմացիան նույնանում է մանկության հետ, երբ անում ես առաջին բացահայտումները: Եվ ոչ միայն իմաստային ու պատկերային, այլև կառուցվածքային: Տեսնում ես, որ լավ կառուցված շինություն-ֆիլմը հիմա էլ է շատ բան ասում, իսկ շինծու ու կոնյունկտուրայինը մաքրվում-գնում է, դադարում լինել լավ կառույց:
Շատ բան կախված է պատանիներից, որոնք կկարողանան խոսել սեփական անունից (մաշկով, զգացմունքներով), պատրաստ կլինեն սովորել փոխանցել իրենց հույզերն ու մտքերը ու դուրս կգան նոր հարթակներ:
ՌեԱնիմանիան կարող է դառնալ հեռանկարային: Բայց արդեն 10 տարի է հազիվ կարողանում է գոյատևել: Իսկ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին ամեն անգամ փորձում է հույսը դնել հեռանկարներ տեսնողների վրա: