այլ

Անձնական ու հեղափոխական մարմին

Կարին Գրիգորյան

Ես դուրս եմ գալիս տանից՝ առաջին անգամ զբաղվելու մարմնավաճառությամբ կամ փողոցային առեւտրով. մինչ այդ տեսնում եմ որոշ նախապատրաստություններ: Հաջորդ օրերին արդեն գիտակցում եմ, որ մարմինս ուրիշ է, ես ուրիշ եմ: Իմ օրակարգը կտրականապես փոխվել է: Մարմինս՝ ես, արդեն գրեթե պատկանում է նեղ համայնքի՝ մարմնավաճառների կամ փողոցային առեւտրով զբաղվողների համայնքին, ինձ դեռեւս անծանոթ փոքրամասնությանը:

Երբեք որեւէ ցույցի ու երթի չմասնակցած եղբայրս դուրս է գալիս տանից՝ միանալու ցուցարարներին: Նրա աշխատանքային առօրյան խաթարված է, փողոցները՝ պաշարված, նա դուրս է գալիս՝ միանալու մեծամասնությանը: Քայլում է կիլոմետրեր, կյանքումառաջին անգամ տասնյակ ժամերով կանգնում է հրապարակում եւ մեծ էկրանից հետեւում է ՀՀ Ազգային ժողովի նիստին: Նրա մարմինը՝ ոտքերը, աչքերն ու ականջները, ես փորձում եմ պատկերացնել, մեծ արկածի մեջ են, նրա մարմինը հեղափոխվել է: Արդյո՞ք նա միացել է հեղափոխականների համայնքին:

Մարմնի եւ հեղափոխության մասին այս տեքստը մտահղացվեց այն պահին, երբ գիտակցեցի, որ ժողովրդավարությունը «սպանում» է հեղափոխականին, երբ իրեն ժողովրդավար հռչակած հեղափոխությունը շահագործում է հեղափոխական ուժերը՝ միտք չունենալով ստեղծելու կամ կրթելու նոր հեղափոխականների: Այդ պատճառով եղբայրս եւ շատ շատերի հարազատները, որոնք դուրս եկան տանից՝ միանալու ցուցարար մեծամասնությանը, հարթակից չխրախուսվեցին՝ խորհրդածելու այն հեղափոխության շուրջ, որ կատարել են իրենց մարմինները:

Մարմիններն այսպիսով վերածվեցին սպորտային եւ փողոցային ուրախ ժամանցի կազմակերպիչների ու մասնակիցների: Հարյուր հազարավոր մարմիններ դուրս եկան տանից, քայլեցին կիլոմետրեր, փակեցին ճանապարհներ, գոռացին ու մեքենայի ազդանշան տվեցին, անգամ սարերից ձյուն իջեցրին ու դրանից հետո ոչ մի առիթ չունեցան մտածելու, որ հեղափոխական վարք դրսեւորող իրենց մարմինը պետք է այնուհետ փոխի իրենց իսկ կյանքը:

Հարթակներից հեղափոխական տեքստեր չհնչեցին, որովհետեւ մտավորականները հեղափոխական տեքստեր չարտադրեցին: Նրանց տեղը հարթակում երգիչ-երգչուհիներինն էր, որոնք երգում էին սիրո մասին: Եվ ուրեմն, Հայաստանի հեղափոխությունը սիրո հեղափոխություն էր, երբ զգացմունքներն ու զգացողությունները մթագնում են գիտակցությունը: Սիրո հարցում փորձվածները գիտեն, որ դա ժամանակավոր երեւույթ է:

Եթե եղբորս այդ ճակատագրական պահին հարթակից չեն հրահրել մտածելու, որ հեղափոխությունն անում է փողոց դուրս եկած իր մարմինը, որովհետեւ այն դրսեւորում է իրեն որպես ճակատագրականորեն ուրիշ, օրակարգերն ու պատկերացումներն ու սովորույթները խախտող մարմին, եւ հեղափոխությունը ֆիզիկական ու մտավոր հսկա փորձառության աշխատարանն է, ես՝ իմ համեստ հնարավորություններով, գրեթե շանսեր չունեմ նրան այդ փոխանցելու: Նա վերադառնում է իր առօրյա, աշխատավոր մեծամասնություն, եւ ի՞նչ շանսեր ունի նրա ընտանիքը մշակութային եւ տնտեսական առաջխաղացման (եթե ոչ հեղափոխության), եթե եղբորս հետ տեղի ունեցածը զգայական փորձառություն էր:

27 հունվարի, 2019

Մարմնի եւ հեղափոխության կամ մարմնների կատարած հեղափոխության թեման դեռ նախորդ տարվանից քննարկում էինք արվեստաբան եւ խորեոգրաֆ Հասմիկ Թանգյանի, արվեստաբան, քննադատ Սոնա Հովհաննիսյանի, ինչպես նաեւ պարային փորձարարությամբ զբաղվող մեր լեհ ընկերների հետ: Այդ մտքերը վերաճեցին ծրագրի, մայիսի 6-ին եւ 8-ին Երեւանում տեղի ունեցան «Body Practices: Postrevolutionary Armenia» հանրային կատարումներ (փերֆորմանսներ): Ծրագրի իրականացմանը աջակցեցին «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ն, «Contemporary Choreography Lab Armenia» պարային լաբորատորիան, Ադամ Միցկևիչի ինստիտուտը և «Sens Ruchu» պարային շարժման հիմնադրամը:

Կարին Գրիգորյան