թարգմանություն

«Ես»-ի տեխնիկաները. Սինդի Շերմանի արվեստի մասին՝ «Կադրեր անվերնագիր ֆիլմեր»-ից մինչեւ Ինստագրամ

Դանիել Ռուբինշտեյն

Թավշյա հեղափոխության տվյալների ամենամեծ բազան Ֆեյսբուքում է, եւ ցանկացած իշխանություն կարող է հմուտ վերլուծական կենտրոնի օգնությամբ կիրառել դրա տարրերը, որպեսզի բարձրացնի իր կառավարման արդյունավետությունը: Այն, ինչ նպաստեց մեր երկրում իշխանափոխության իրականացմանը, կարող է երկարաձգել այլ իշխանությունների կառավարման ժամանակը:

Մի բան՝ արվեստը, կարող է շերտ առ շերտ բացել «ես»-ի եւ իշխանության փոխհարաբերությունը, անգամ երբ «ես»-ի կտրտված մասերն այլեւս չեն հավաքվում մեկ ինքնության մեջ: Այս թարգմանությունն առիթ է, որ մոտենանք «ֆեյսբուքայնացած» կամ «ինստագրամացած» ինքնությանը:

1970-ականներից սկսած՝ ամերիկացի արվեստագետ Սինդի Շերմանը, իր նպատակին ծառայեցնելով սեփական մարմինը, աշխատում է ինքնության կարծրատիպերի, «ես»-ի մասնատման, պատկերի վերարտադրման եւ վերաներկայման հարցերի շուրջ: Դառնալի է, որ Հայաստանում նա ճանաչելի է միայն Գեղարվեստի պետական ակադեմիայի պատերի ներսում կամ գեղարվեստական կրթության այլընտրանքային, բայց նույնպես հերմետիկ տարածքներում, իսկ տեղական մեդիա շուկան ընկալում է նրան որպես աշխարհի ամենաթանկ լուսանկարների հեղինակ:

Լուսանկարչության ժամանակակից պրակտիկաների ու փիլիսոփայության հետազոտող, Լոնդոնի արվեստների համալսարանի պրոֆեսոր Դանիել Ռուբինշտեյնի այս հոդվածի թարգմանությունը հանուր ջանք է՝ խոսակցություն բացելու պատկերի ժամանակակից ընկալման, ինքնություն-պատկեր-իշխանություն փոխհարաբերության, ինչպես նաեւ ժամանակակից արվեստում Սինդի Շերմանի կերպարի մասին:
Թարգմանված է հեղինակի իմացությամբ:

Կարին Գրիգորյան



Մոնտենն ասել է, որ փիլիսոփայելը ոչ այլ ինչ է, քան երեւակայել սեփական մահկանացությունը: Սինդի Շերմանի լուսանկարները թարմացնում են այս պնդումը ներկայի համար. զարգացած տեխնոլոգիաների դարում լուսանկարչությունը, ավելի քան փիլիսոփայությունը, թույլ է տալիս տեսնել մահկանացությունը որպես պատկերի դրություն: Շերմանի աշխատանքը մերժում է լուսանկարի՝ որպես վավերագրի գաղափարը: Նրա լուսանկարները մտադիր են վերարտադրել չլինելու էքզիստենցիալ փորձառությունը: Առաջին հայացքից, կարծես, Շերմանն անդուլ կերպով պատճենում է ինքն իրեն, սակայն իրականում նա զբաղված է իր սեփական ներկայությունը ջնջելով: Ուրեմն կարելի է ասել, որ Շերմանի լուսանկարների արվեստային նախակարապետը «memento mori»-ն է («հիշի՛ր, որ մահկանացու ես»)՝ արվեստի գործ՝ ստեղծված ականատեսին մահկանացության մասին հիշեցնելու համար:

Որպես մեկ միասնություն՝ Շերմանի նախագիծն անդրադառնում է ներկա կեցության երեք փոխկապակցված չափումների: Առաջին՝ այն առաջ է քաշում ժամանակի հայեցակարգ, որը համապատասխանում է ակնթարթային հաղորդակցության արագացված տեմպերին եւ նոր մեդիաներին: Երկրորդ՝ այն ըմբռնում է պատկերն ավելի շատ իբրեւ զգացողություն, քան վերաներկայում, եւ երրորդն այն ներըմբռնումն է, որ անհատ, ինքնավար «ես»-ի հասկացությունն անհամատեղելի է նոր մեդիայի զարգացման, սելֆիի եւ Ինստագրամի մշակույթի հետ: Շերմանի արվեստում այս որակների ուրվագծումը՝ հաջորդիվ:

Պահաժամ

Շերմանն առաջարկում է, որպեսզի լուսանկարի մասին մտածենք իբրեւ արտահայտումը մի բանի, որը բառերով ասել հնարավոր չէ: Նրա լուսանկարչությունը միաժամանակ տեսողական պրակտիկայի ձեւ է եւ քննադատական մտածողության մեթոդ: Լուսանկարը փիլիսոփայական, ինչպես նաեւ տեսողական օբյեկտ է, քանի որ այն՝ որպես մարդկային ընկալման եւ գիտական «իմանալ ինչպես»-ի հիբրիդ, վերացնում է պատկերների եւ իրականության տարբերակումը: Ի կատարյալ տարբերություն գեղանկարի՝ լուսանկարը ինչ-որ բանի պատկերը չէ, այլ ակնթարթի, ժամանակի նոր չափման ընկալումն է: Ճիշտ ինչպես մեխանիկական ժամացույցն է օգնում տեսողականացնել ժամանակը որպես անվերջ ուղիղ գիծ, խցիկի փականակի բացվել-փակվելը մեզ է տրամադրում ակնթարթային եւ անհապաղ ժամանակ:

Շերմանի կերպարները չեն ապրում ժամանակի հոսքի մեջ, քանի որ չունեն անցյալ ու ապագա: Դրանք գոյություն ունեն միայն փականակի բացման տեւողության համար: Նրանց ժամանակը լուսանկարչական լուսակայման ակնթարթն է՝ տեխնոլոգիական պրոցեսի լիակատար միաձուլումը մարդկային ընկալման հետ: Լուսակայումը Շերմանի աշխատանքում գործում է երեք փոխկապակցված մակարդակներում. այն վերացնում է տարբերակումը խցիկի առջեւ եւ դրա հետեւում կանգնած անձի միջեւ, վերացնում է լուսանկարի՝ որպես վավերագրի գաղափարը, եւ ստեղծում է կերպար, որը չունի ինքնուրույն, լուսանկարից անկախ գոյություն:

Շերմանի լուսանկարները խաղի գրանցումներ չեն խցիկի համար, դրանք մերժում են գրանցումը որպես մի կեղծ քայլ՝ առաջ քաշող ոչ թե անձի վավերագրումը, այլ այն, թե ինչպիսին է այն երևում: Շերմանի պատկերները ցուցադրում են, որ արվեստագետի եւ արվեստի գործի՝ իբրև առանձին գոյերի մասին մտածելը մոլորություն է: Մարմին/պատկեր ավանդական երկյակը Շերմանի լուսանկարներում հաղթահարված է հօգուտ մարմին-կերպար-պատկեր եռյակի: Կերպարը ո՛չ նյութական է, ո՛չ աննյութական, այն զգացողությունն է՝ իր մաքուր ձեւով, զգացողություն, որը կյանքի է կոչվել լուսանկարի միջոցով: Կերպարը չի վերաներկայում, այլ ստեղծում է ներկայության զգացողություն: Սա կարեւոր է, քանի որ Շերմանն անում է լուսանկարներ, որոնք գործ ունեն ոչ թե փաստերի կամ դեմքերի, այլ [դրանք եւ այդպիսիք] դառնալու հնարավորության հետ: Կերպարը միաժամանակ թե՛ պատկեր է, թե՛ մարմին: Կերպարը հեռու է կեղծիքի եւ ճշմարտացիի միջեւ այլընտրանքի հանգեցվելի լինելուց եւ դուրս է հակադրություններից, այն ի հայտ է գալիս միայն երբ հակադրություններն անհետանում են: Շերմանի լուսանկարներն արտադրում են ներկա պահը ոչ թե որպես մի կետ՝ անցյալի եւ ապագայի միջեւ, այլ որպես մի ակնթարթ, երբ «ես»-ը ձգվում եւ բռնում է իր սեփական ուրիշին:

Լուսակայման պահը ինքնավար «ես»-ը կորցնելու եւ այն ուրիշի մեջ վերստին գտնելու բախումնային պահն է. կերպարը Շերմանը չէ, բայց մեկ ուրիշն էլ չէ: Լուսանկարչությունը որպես «ավարառության» գործիք օգտագործելու փոխարեն Շերմանը շեշտում է, որ լուսանկարչությունը միջոց է՝ բռնելու անլուսանկարելին, այն, ինչը դուրս է որսկանի/որսի շրջանակից: Լուսանկարչական լուսակայման ակնթարթում ուրիշ «ես»-ը եւ «ես»-ը ձուլվում են: Անձի, կերպարի եւ պատկերի այս հանկարծահաս միաձուլման մեջ չկա պատմություն, որեւէ ինքնակենսագրություն: Ժամանակի էությունն ի հայտ է գալիս ոչ թե ժամացույցի տկտկոցի, այլ փականակի սեղմման մեջ:

Անկապ «ես»

Սխալ կլիներ վերագրել Շերմանի լուսանկարները լուսանկարային ինքնադիմանկարի ժանրին: Ինքնադիմանկարը մատնանշում է սուբյեկտը, մեկին, որը ֆիզիկապես ներկա չէ, բայց վերապատկերված է նկարում: (Ինքնա)դիմանկարը մշտապես մատնանշում է իրենից դուրս: Այդպիսով դիմանկարը` որպես ինքնության տրամաբանության տեսողական դրսեւորում, հիմնվում է վերաներկայման վրա: Շերմանի «Կադրեր անվերնագիր ֆիլմերից» (1970-80) շարքն ամբողջովին շրջանցում է թե՛ ինքնությունը, թե՛ վերաներկայումը: Այն ուսումնասիրում է, թե ինչի է նման ինքնություն կամ ամրագրված, չփոփոխվող տարածաժամանակային պատմություն չունենալը:

Շերմանի «դիմանկարը» նույնական է միայն ինքն իր հետ, այն չի մատնանշում իրենից դուրս որեւէ մեկին, այն չի վերաներկայում: Այն խոսում է ներկայացուցչական շրջանակից դուրս գոյության հնարավորության մասին, քանի որ ներկայացնելը նշանակում է գտնվել ներկայացնողի հսկողության տակ:

Ինչ-որ մեկին անցած պահի մեջ մատնանշելու փոխարեն «Կադրեր անվերնագիր ֆիլմերից» շարքն ուսումնասիրում է ուրիշությունը: Լուսանկարը ձեռք է բերում ոչ թե ականատեսի, ոչ էլ անգամ անվստահելի ականատեսի կարգավիճակ, այլ մի բանի, որը չափազանց ավելի շատ է հիշեցնում հենց կյանքը, կամ, եթե ոչ կյանքը, ապա, թերևս, լեզուն:

Լեզուն ունակ է երկակիության եւ անորոշության, այն կարող է արտահայտել փաստեր, հորինվածքներ ու զգացմունքներ՝ բոլորը միմյանց միախառնված: Շերմանը վերականգնում է լուսանկարչության այս շարժականությունը՝ ուղղելով իր նկարները ոչ թե մի անհատի, այլ անհատականության էական ուրիշությանը: «Կադրեր անվերնագիր ֆիլմերից»-ի ներհատուկ երկիմաստությունը շեղում է ուշադրությունը պատկերի ետևում եղած անձից, եւ մատնանշում է ինքնության խուսափողականությունը, այն անխուսափելի բարդությունը, որն առաջանում է իրեն շարունակ բազմապատկող անհատի բազմակիությունից: Անհատը նա է, ով երբեք չի կարող դադարեցնել իր բազմապատկումը:

Շերմանի աշխատանքը հանդիսատես չի պահանջում: «Ես»-ը կրում է մյուսներին իր մեջ, եւ ուրիշ մեկի կարիքը չկա: Անգամ «կին» բառն է տարօրինակ հնչում, քանի որ այն ենթադրում է տղամարդու ներկայություն: Այնպես որ, երբեմն սա ոչ թե կնոջ, այլ հրեշի, սեռափոխի կամ կին խաղացող տղամարդու կերպար է: Կատարելապես միայնակ այդ կերպարը, որն ունի միայն ընկերակցող հենակներ ու պրոթեզներ, ոչ միայն մեկուսացած, այլեւ ձեւախեղված, երբեմն՝ կոտրված, հաճախ իրենից փախչել փորձող մարմինն է:

Այն, ինչ միավորում է Շերմանի լուսանկարները, Շերմանի մարմինն է, որը ենթադրվում է գրեթե բոլոր պատկերներում: Այդուհանդերձ, մարմնի հետ կապը մշտապես կիսատ է, քանի որ մարմինը շարունակաբար մասնատվում է: Այստեղ չկա անաչառ լինելու փորձ, ինչը կենթադրեր սուբյեկտի եւ օբյեկտի տարանջատում: Փոխարենը Շերմանն արտադրում է տարբերություն, թե ինչպես է ինքն իրեն տեսնում եւ ինչպես է իրեն տեսնում ուրիշը: Այս տարբերությունն է Շերմանի խնդիրը: Ի տարբերություն ինքնության, որը պահանջում է մոդելի եզակի պատկեր, տարբերությունը պահանջում է կրկնություն: Տարբերությունն ինքնին չի կարող վերաներկայվել, բայց տարբերության արտադրման համար կա տեխնիկա՝ շարքը: Շարքը ստեղծում է կրկնություն (մարմինը միշտ նույնն է), եւ կրկնությունը տարբերության տեսողական դրսեւորումն է (կերպարը միշտ տարբեր է), որն ի ցույց է դնում «ես»-ը՝ որպես եւ՛ եզակի, եւ՛ բազմակի:

Ինստագրամ

Շերմանի Ինստագրամի լուսանկարները ձևակերպում են իքնավերաներկայման, եւ առհասարակ ինքնության վերաբերյալ շատ կարեւոր մի բան. խզումը ինքնավար եւ հզոր «ես»-ի գաղափարի եւ այն եղանակի միջեւ, որով «ես»-ը կառավարվում ու բանեցվում է ալգորիթմերով, եւ շահույթի համար օգտագործվում տվյալների մեծ բազաների տիրող ընկերությունների կողմից, մեծանում է: Այս միջավայրում մեր սեփական «ես»-ը նմանվում է Ֆրանկենշտեյնի հրեշի, որը ունակ է ոչնչացնելու իր ստեղծողին: Դեմքերը ճանաչող ալգորիթմերի դարում, երբ անձնական տվյալները հավաքվում են քաղաքական շահերի համար, լինել՝ նշանակում է լինել լուսանկարչական լույսի ներքո: Լինել՝ նշանակում է հայտնվել էկրանին, տվյալների թերթիկի կամ լուսանկարչական թղթի վրա: Իրական խնդիրն այն է, որ ֆինանսական ածանցյալ պայմանագրերի, թրոլների գործարանների, կանխատեսող ոստիկանական հսկողության, Ֆեյսբուքի խաբեբայությունների եւ Cambridge Analytica-ի աշխարհում, եթե թվարկենք ալգորիթմական մշակույթի ընդամենը մի քանի ապրանք, մեծ տվյալները կարող են վերցնել մեր սեփական «ես»-ի մասերը եւ զենք դարձնել դրանք:

Շերմանի Ինստագրամը, կարծես, ծաղրի առարկա է դարձնում այն գաղափարը, որ ամեն ինչ ու ամենքը կարող են վերաներկայվել պատկերում: Վերաներկայման գաղափարը պատրանք է, որը սկսվում է այն պահին, երբ մենք չքմեղորեն նայում ենք լուսանկարին ու ակնկալում ինչ-որ «իրական» բան գտնել այնտեղ: Բայց այն, ինչ անխախտելիորեն գտնում ենք, իրական մարդու դիրքավորում ունեցող պատկերի եւ պատկերում բացակա, բայց դրան ճշմարտության իր արժեքը փոխ տվող իրական մարդու միջեւ փոխկախվածությունն է: Շերմանի Ինստագրամի էջը կարծես հաստատում է, որ անձնականն ու քաղաքականը երկու առանձին գոյություններ չեն: Հակառակը, այս նոր տեխնոլոգիական ու սոցիալական իրականության մեջ, Ինստագրամն արտահայտություն է կյանքի հանդեպ մի վերաբերմունքի, որը չի ճանաչում անձնականի ու հանրայինի միջեւ ավանդական սահմանները, բայց մատնանշում է հատվածային ու մշտապես թերի ինքնությունը, ինչպես այն դրսեւորվում է սելֆիի մշակույթի մեջ:


Շերմանի լուսանկարները հմտորեն կառավարում են ոչ միայն մարմինը, այլեւ մարմնի շրջանակումը՝ ներգրավելով ֆիլմ նուարի տարրեր, հիմնվելով պաստառին, թվանշային տպագրությանը, արվեստանոցային դիմանկարին բնորոշ հատկանիշների կամ, ինչպես վերջերս արված աշխատանքներում, Ինստագրամի վրա: Առանց առանձնացման այս երկրորդ աստիճանի՝ մարմինը կդառնար նկարազարդում, այն պատմություն կպատմեր, կդառնար թատրոն: Եթե լուսանկարն ընթերցվի իր նշանակածի տեսանկյունից՝ Շերմանի աշխատանքը կորած է:

Ուրեմն, կերպարի վերաներկայման առարկայի վրա կենտրոնացող մեկնաբանության փորձերը վրիպում են: Շերմանի պատկերների որոշիչ որակը դրանց մեկուսացումն է, որն անհրաժեշտ է՝ կոտրելու վերաներկայման սովորական շղթան, որը ենթադրում է օբյեկտի եւ սուբյեկտի միջեւ հարաբերություն: Շերմանի աշխատանքը քաղաքական է ոչ թե այնքանով, որ այն կատալոգավորում է կանացի կարծրատիպերը, այլ այնքանով, որ ցուցադրում է, որ ինչ կա՝ միայն կարծրատիպերն են, քանի որ լուսանկարը կարծրատիպի զանգվածային տեխնոլոգիան է: Չկա մաքուր կտավ, չկա հնարավորություն որևէ արտահայտման, որը դեռեւս տոգորված չէ այս վերարտադրողական տեխնոլոգիայով:

Լուսանկարչությունը պատկերի բազմաթիվ տեսակներից մեկի անվանումը չէ. այն համընդհանուր դրություն է՝ պատկեր դարձնելու որևէ բան, ցանկացած բան: Այդ պատճառով Շերմանի Ինստագրամի պատկերները նուրբ չեն, դրանք չեզոք դիրք չեն գրավում իրենց առարկայի հանդեպ: Հակառակը, սա բռնի գործ է, քանի որ պետք է ստիպի պատկերին բացահայտելու ինքն իրեն՝ ճանապարհին քանդելով բնօրինակի եւ պատճենի միջեւ բնական հարաբերությունը: Հետեւաբար, Շերմանին անհրաժեշտ է շահարկել Ինստագրամի մեր ընկալումը՝ այդտեղ տեղակայելով իր պրակտիկան եւ խառնելով այն կոմերցիոն հաջողության պատկերների հետ: Շերմանի աշխատանքում չկա եւ երբեք էլ չի կարող լինել ավարտուն, ինքնապարփակ «ես»: Դառնալ առարկա՝ նշանակում է դառնալ կերպարային ու հատվածային:

Անգամ եթե չկա հաստատուն ինքնություն, դա չի նշանակում, որ անձնականը գոյություն չունի: Բայց կարիք չկա անձնականը հասկանալու որպես վերաներկայողական: Քանի որ նույնիսկ եթե գիտենք, որ պատկերը թյուր է, այն, միևնույն է, տարօրինակ հմայք է գործադրում մեզ վրա՝ հուշելով, որ լուսանկարչության գրավչությունը ոչ մի կապ չունի ճշմարտության, փաստաթղթերի եւ վկայության հետ: Շերմանը պնդում է, որ «ես»-ը գոյություն ունի ամբողջությամբ ինքնավար եւ անբաժան ինքնության մասին երազանքի եւ մշտապես անավարտ հարաբերությունների ընդհանրության արանքում: «Ես»-ի տրոհումն ու մասնատումը չի կարող բյուրեղանալ որպես հաստատուն ինքնություն, իսկ կայուն, միանշանակ եւ ինքնավար անհատականությունը որքան գայթակղիչ, նույնքան էլ աղետալի է: Լուսանկարը մենք գնահատում ենք մեզ հիպնոսացնելու, այլ ոչ ճշմարտությունը պատմելու համար. մեզ որսացող ու գայթակող լուսանկարը ցանկության վերարտադրություն է: Եվ դիմակների ու պրոթեզների տակ ակնարկվում է մի նոր «ես», որը կցված չէ առանձին անհատի, այլ մի «ես», որը բաշխված է, հոսքայնացված, ցանցայնացված ու համօգտագործված: