վերլուծություն

Կայանալ «թավիշով»

Կարին Գրիգորյան

2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած և ցայսօր շարունակվող հեղափոխությունը, որը կոչվում է թավշյա կամ սիրո և համերաշխության հեղափոխություն, կարելի է բնութագրել որպես Հայաստանի արդիականացման նոր ու անհնարին հնարավորություն:

Հեղափոխության երգերով վարակված և ազատագրման էյֆորիայի մեջ՝ մարդիկ դուրս եկան փողոց և կատարեցին իրենց քայլը՝ արհամարելով այն իրողությունը, որ քաղաքական/գաղափարաբանական ընտրության հնարավորությունը երբեք էլ մեծ չի եղել, և հաճախ՝ իրական չի եղել Հայաստանում։ Դեպի անհնարինը գնացող այս քայլն ի՞նչ էր, եթե ոչ հեղափոխական վարմունք:

Միանալով քաղաքական դաշտում բացարձակ փոքրամասնություն կազմող ընդդիմությանը՝ մարդիկ մերժեցին պետության հետ սերտաճած օլիգարխիայի քաղաքական տեսլականն ու մշակութային արժեհամակարգը։ Մարդկանց միավորեց հենց մերժման ժեստը, քանի որ տեղի ունեցողը գաղափարաբանական էր այնքանով, որքանով առաջարկում էր վերանայել հասարակության հիմնարար արժեքները՝ վստահություն, սեր, համերաշխություն:

Բայց մերժելուց հետո գալիս է հրաժարվելու փուլը․ սա ամենաբարդն է։ Հրաժարվել կյանքի այն ձևերից, որոնք մերժելի են, բայց օլիգարխիկ իշխանության ջանքով վաղուց արդեն «բնական» և ընդունելի են դարձել առօրյա կյանքում։ Հեղափոխությունն այսօր յուրաքանչյուրի՝ իր կյանքը վերափոխելու և որպես քաղաքացի իրապես կայանալու և սեփական ինքնուրույնությունն ու անկախությունը հաստատելու ճանապարհն է, և դրա նշանաբանը արդիական է, քան երբևէ։ Այսինքն՝ անկախացի՛ր «դուխով», բայց «թավիշով»: Հըմ. կարծես թե հետխորհրդային քաղաքներում աճած անկախության սերունդը սիրո և համերաշխության անունից լուրջ մարտահրավեր է նետում իր հարմարված ու ճահճացած ծնողներին:

***

Իսկ ովքե՞ր ենք մենք՝ ծնողներս: Ինչպե՞ս է օլիգարխիկ մշակույթը վերջին տասնամյակների ընթացքում կառուցել մեր ինքնությունը, ինչպե՞ս է ազդել մեր կոլեկտիվ հիշողության վրա, բռնացել պատմության ու մշակութային ժառանգության վրա, ի վերջո, ի՞նչ ժառանգություն է թողել անկախության սերնդին:
Օլիգարխիկ իշխանությունը, կարծես, կիրառում է դասական իշխանության ձևերը, բայց այն միտված չէ պետության ու հասարակության կառուցմանը: Այն անվերջ կառուցում է ինքն իրեն: Յուրացնում է իշխանության ձևերը՝ անխուսափելիորեն ձևախեղելով և քայքայելով հասարակության մշակութային ձեռքբերումներն ու պատմական ժառանգությունը, որպեսզի ծառայեցնի իր օրակարգին: Օլիգարխիկ իշխանությունը խրախուսում է սոցիալ-մշակութային հյուսվածքների քայքայումը հանուն իր երկարակեցության և բարեկեցության: Այն կարող է որդեգրել ցանկացած գաղափարաբանություն, և ցանկացած քայքայում ներկայացնել որպես օրվա անհրաժեշտություն, ծնունդ տալ ճղճիմ արտադրանքի և վարմունքների՝ «բնական» և օրինաչափ դարձնելով այն տարբեր ուժային գործողությունների կիրառմամբ: Քաղաքաշինության պարագայում դա կլինի մասնավորեցումը, պետական գերակա շահի ճանաչումը, օտարումը, նվիրաբերումը, այլ:

Օրինակ բերենք Ռոսիա (Այրարատ) կինոթատրոնի շենքի հետ կատարվողը: Շինությունը սեփականաշնորհվել է 2004-ին: Խորհրդահայ մոդեռն ճարտապետության կոթող է (1974), որի համար ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը արժանացել են ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի մրցանակի (1979): Մենք ամեն օր տեսնում ենք, որ այն ձևախեղված է, չորս կողմից շրջապատված առևտրային նշանակության կառույցներով, և դրա նախնական կառուցվածքն ու նշանակությունը մեզ այլևս չեն հուզում: 2018-ին հուշարձանի բետոնե ծածկը ներկվեց, դրանից կախվեցին շքեղ «ոճային» ջահեր՝ կարծես ծաղրելով շենքի հեղինակների «բացթողումը»: Ավելացան կարմիր նստարաններ, բայց ավելի քան երկու մետրով նեղացավ ծածկի տակ գտնվող բաց տարածքը: Շենքի հանդեպ այս վերաբերմունքը սեփականատիրոջ ուժի պարզ կիրարկումն է:




Ջահերն այդքան էլ անմեղ չեն: Դրանք ոչ թե գեղեցկացնում են տարածքը, այլ անցորդներին ու կանգառում սպասողներին թելադրում ուժեղի ճաշակը: Դրանք, ինչպես նաև նստարանները, իբրև թե նվեր են հանրությանը, բայց յուրաքանչյուր օր վերահաստատում են սեփականատիրոջ ներկայությունը հանրային տարածքում. տարածք, որը պատկանում է քաղաքացուն: Նման ուղիներով է քաղաքը ձևավորում մեր ինքնությունը: Չերչիլի հայտնի խոսքով՝ «Մենք ձևավորում ենք մեր շենքերը, իսկ հետո մեր շենքերը ձևավորում են մեզ»:

Ի՞նչ տեղի ունեցավ 2018-ի մայիսի 2-ին, երբ Երևանն անցել էր քաղաքացիների բացարձակ իշխանության տակ: Մարդիկ ձևափոխում էին քաղաքը. գորգերը փռվում էին ասֆալտին, շինարարական ծանր տեխնիկան հարսանեկան թափորի պես շրջում էր Հանրապետության հրապարակով, փողոցներում կարմրում էր խորովածը. քաղաքը ստեղծագործվում էր ամեն վայրկյան, հեղափոխական խենթության մեջ այն կարծես շրջվում էր գլխիվայր, բայց, ուշադրությո՛ւն, իր տերերի ձեռքով: Փողոց դուրս եկողն այս օրերին դառնում էր փողոցի տերը:

***

Հեղափոխության ընձեռած անհնարինը դրսևորվեց արդեն իսկ հեղափոխության օրերին:

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի հուշարձանի բացումը ծրագրված էր Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում (մայիս, 2018): Հուշարձանը հանգրվանելու էր մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի աստիճանավանդակին: Մետրոյի հիշյալ կայարանը ականավոր ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի ու Մկրտիչ Մինասյանի համատեղ աշխատանքն է, ՀԽՍՀ պետական մրցանակի արժանացած (1983) ճարտարապետական հուշարձան:
Արամ Մանուկյանի եռագույն արձանը դժվարությամբ, բայց ճեղքեց աստիճանավանդակը: Արձանի տեղադրման աշխատանքները հիմնականում ընթացան գիշերային ժամերին: Ոչ միայն մասնագիտական հանրությունը, այլև հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքաշինության պետական կոմիտեն և Մշակույթի նախարարությունը համաձայնություն չտվեցին արձանի տեղադրման վայրի վերաբերյալ: Սակայն արձանը տեղադրվեց և տեղի ունեցավ պաշտոնական բացում կառավարության անդամների մասնակցությամբ (հուլիս, 2018): Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը, փաստորեն, տեղադրվեց մեկ այլ հուշարձանի վրա, քանի որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով), ի թիվս մի քանի այլ կոթողների, նույն ամսում ստացավ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Այդպիսին է թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխությունը՝ անհնարին իրողությունների միջև քաղաքական ու մշակութային խաղ:


Անշուշտ, հանրությունը կշարունակի նվերներ ստանալ: Երևանցիներին քաղաքի 2800 ամյակի առթիվ նվեր մատուցելու ցանկութամբ Վարդանյան ընտանիքը հիմնահատակ վարեց Իտալիայի փողոցի վրա գտնվող Ուռենիների պուրակը (մայիս, 2018): Այդպիսի ինքնավստահ նվերները կարծիք չեն հարցնում և ձեռք են բարձրացնում կոլեկտիվ հիշողության վրա՝ ընդհանուր առմամբ շարունակելով բռնի նվերների մշակույթը:1 

2013-ին սեփականատերը խեղեց մոդեռնիսական կոթողը՝ Երևանի Փակ շուկան (1952) և դարձրեց սուպերմարկետ, թեև շենքն ուներ ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ (1968): Հռետորական հարց. օլիգարխիկ իշխանության ի՞նչն ենք մերժել և ի՞նչից ենք հրաժարվում. հրաժարվե՞լ այս սուպերմարկետից, որի տեսականուն ու դասավորվածությանն արդեն հարմարվել ենք որպես սպառող, բայց նախ և առաջ՝ որպես ենթարկյալ. այո՛, հնարավոր է… գուցե հնարավոր է, բայց ինչպե՞ս թավիշով անկախանալ սոցիալական զանազան ճնշումներից և ուժային փոխհարաբերություններից՝ չհրաժարվելով կամ անզոր լինելով հրաժարվելու այդ փոխհարաբերությունները ծնած տրամաբանությունից և սոցիալական իրավիճակներից: Օրինակ՝ չվտանգել ազդեցիկ բարեկամի կամ գյուղապետ-ազգականի հետ լավ հարաբերությունը, եթե այն, գուցե, գոյատևման միակ հնարավորությունն են. անգամ եթե գիտակցում ենք, որ դա իշխանական հարաբերություն է և կառուցելու է միայն ինքն իրեն: Այստեղ, կներեք, հասարակության արդիականացման անհնարին հնարավորությունն աչք է ծակում: Հաշվե՞նք նման իրավիճակների առկա և պոտենցիալ քանակը:



***

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու ինքնությունը,2 որը 10 տարուց ավելի է, ինչ առաջ եկավ հակազդելու օլիգարխիկ իշխանության տեսլականին ու արժեհամակարգին, այսօր հեղափոխության կենաց ուժն է: Մինչ անկախության սերնդին սպասվում է հեղափոխության սերունդ դառնալու (թավշյա՞) ճանապարհը, հպարտ քաղաքացու ինքնությունն արդեն ձեռք է բերում մանդատ՝ վերանայելու Հայաստանի քաղաքական և մշակութային իրողությունները:

1 Տես՝ Վ. Ազատյան, «Գորգից զբոսայգի և հետ. արդիության լարումների բովում», http://arteria.am/hy/1527073992

2 Ծնված և դեռ անանուն («սկսել ա» շարժում, 2007), այն դարձավ համառելու ժեստ՝ «չեմ արտագաղթելու», ապա ձեռք բերեց տիրական երանգ և հնչեց համայնքի անունից՝ «Մենք ենք մեր քաղաքի տերը», «Մենք ենք տերը մեր երկրի», հեղափոխության օրերին վերջնականորեն հաստատելով իրեն որպես Հայատանի պահանջատեր քաղաքացու ինքնություն:

Կարդացեք նաեւ