վերլուծություն

Պերիֆերիան՝ որպես ինքնուրույնության հնարավորության միջավայր. մարգինալության առավելությունները

Լիլիթ Մարտիրոսյան

Գեղարվեստի ակադեմիայի ուսանող, նկարիչ Լիլիթ Մարտիրոսյանի այս տեքստը արվեստի ապագայի վերաբերյալ երիտասարդ արվեստագետի մտորումների մի հետաքրքիր օրինակ է: Մի կողմից տեքստը կրում է հեղինակի ակնհայտորեն ինդիվիդուալիստական հայացքների կնիքը: Դրան ավելանում են նաև արվեստի էության՝ որպես մեծապես արվեստագետի ներաշխարհի և անձնական պատասխանատվության դրսևորման մասին պատկերացումները: Այդուհանդերձ, հեղինակի նպատակը այս պատկերացումները հաստատելը չէ, այլ դրանց միջոցով հասարակական մեծ խնդրի մասին մտորելն է: Նա դիտարկում է հայ հասարակության դիրքը համաշխարհային մշակութային գործընթացների մեջ և փորձում է ձևակերպել դրանում թաքնված հնարավորությունները: Լիլիթի տեքստը ցույց է տալիս, թե ինչ հարցեր կարող են մտահոգել այսօր Հայաստանում գործող երիտասարդ արվեստագետի և թե ինչպիսի մոտեցում նա կարող է ցուցաբերել այդ հարցերին: Այսինքն՝ մեկ մտածող, ձգտող, երազող ու գործող արվեստագետի մտորումների արդյունք լինելով՝ այն նաև ցույց է տալիս մեր երիտասարդ արվեստագետների շերտերից մեկի մտքի ուղղվածության և հայացքների միտումները:

Ելենա Այդինյան

Ինչպիսի՞ն է տնտեսական զարգացման և արվեստի էվոլյուցիայի փոխներգործությունը, որքանո՞վ են դրանք միմյանց կապված: Սա կարևոր հարց է, որը պետք է դիտարկենք և պարզենք հատկապես մենք՝ հայերս` հասկանալու համար մեր դերը համաշխարհային անցուդարձում, արտաքին աշխարհի հետ կապերի կարևորությունը և մեր «աննկատության» մեջ թաքնվող ինքնուրույնությունը, որը նորը գտնելու մեծ խթան է կամ անճարության պիտակ՝ կախված դրա նկատմամբ վերաբերմունքից:

Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին պարտադրվող էսթետիկան մեծ հետք է թողել հայաստանյան հասարակության գիտակցության և ճաշակի վրա: Շատերի համար վիզուալ արվեստը դարձել է զուտ կարողությունների հավաստիք, տաղանդի պաշտամունք, կամ աշխարհի մեխանիկական վերարտադրում: Այս ու մի շարք այլ կաղապարներ սեղմում են արվեստը և ստիպում ավելի խորը արմատ գցել: Նման պայմաններում ծնվում է անկեղծ և «ճշմարիտ» արվեստ ստեղծելու մաքուր մղումը՝ ստեղծագործելու ամենակարևոր ազդակներից մեկը: Ապա սկսվում է ժամանակակից, «ազատամիտ» արվեստի ուսումնասիրությունը, փոխառումը: Իսկ հետո՞…

Պերիֆերիան, որպես կառուցվածք և մեխանիզմ, ավելի շարժուն և դինամիկ երևույթ է, քան ձևավորված հասարակության տենդենցները: Այստեղ՝ սահմանափակ հնարավորությունների պայմաններում, երբ ներքին խմորումներն ու ստեղծագործական հասունությունը հավասարակշռում և ի վերջո գերակշռում են վախերի, անվստահության, համոզմունքների և տեսածի սահմանափակության, կարողությունների ինքնազսպման հետևանքով ստեղծվող ճահճացման նկատմամբ, և ձևավորվում, բյուրեղանում են սիրո, ինքնաբացահայտման, անընդհատ նորացման դինամիկ առանցքի շուրջ, տեղի է ունենում մի գործընթաց, որը կարելի է անվանել հասարակության՝ անհատական և մշակութային մակարդակների խտացում:

Յուրաքանչյուր անհատ ենթագիտակցական մակարդակում, ի թիվս այլ չափորոշիչների, հանդիսանում է նաև էներգիայի, տեղեկատվության, մշակույթի, հանրային արժեքների, ընդհանուր գաղափարային ֆոնի կրիչ, և արվեստագետի զարգացումը ծայրամասային միջավայրում՝ ուժգին ձգտման ու համապատասխան վերաբերմունքի դեպքում, կարող է խիստ նպաստավոր լինել ներքին պոտենցիալի բացահայտման և իրագործման համար: Սահմանափակումներն ու խոչընդոտները կարող են խտացման ազդակ դառնալ և արագացնել բոլոր գործընթացները: Նմանատիպ՝ սեփական ներուժը բացահայտելուն ձգտող անհատների որոշակի թվի դեպքում, նույնը շղթայական ռեակցայով կարող է տեղի ունենալ արդեն հասարակության լայն զանգվածների շրջանակում: Փոխվում է ընկալունակության որակը, և, քանի որ խտացումը գործում է ոչ միայն անհատի, այլև հասարակական կապերի մակարդակում, ապա նման հասարակությունում էներգիայի և տեղեկատվության տարածման ու յուրացման համար ավելի սեղմ ժամկետներ են պահանջվում: Նման համախմբված և դինամիկ կառույցն ուղղորդման, «փարոսի» և հենակետերի կարիք ունի: Դրանք, իհարկե, յուրաքանչյուրիս մոտ սեփականն են, բայց մենք մեկ օրգանիզմի և ընդհանուր առմամբ մեկ արժեհամակարգի բջիջներ ենք: Ըստ իս՝ հավատի և ներքին բարոյականության հիմքերը ուղղորդիչ են և կարող են կանխարգելել արևմտյան արվեստի խութերից: Օրինակ՝ տնտեսական զարգացումը, բիզնեսի ծաղկումը ավելացնում են արվեստի իրագործման հնարավորությունները, բայց շատ դեպքերում հանգեցնում ստեղծագործության ապրանքայնացմանը: Արվեստը դառնում է բիզնես, նորաձևություն, վարկանիշ՝ աստիճանաբար կորցնելով իր արարչական որակները: Արևմուտք-արևելք բաժանումն, անշուշտ, պայմանական է և բազմաշերտ, բայց խիստ ընդհանրացնելով հանրային կապերի ընկալումը՝ այն կարելի է որակել որպես անհատական և միասնական մտածելակերպերի բաժանում: Երկուսն էլ կարևոր են, անհրաժեշտ, երկուսն էլ «լավ» են, եթե չափավոր են, և երկուսն էլ՝ «վատ», եթե ծայրահեղական են: Եթե «արևմուտքը» ձև, տենդենցիա և ահռելի հնարավորություններ է տալիս, կրթում է որպես անհատ, օգնում զարգացնել և դրսևորել անձի ինդիվիդուալությունը, ապա «արևելքը» կարող է այս արժեքներին նաև այլ որակ հաղորդել՝ ավելացնելով նոր բովանդակություն, ընկալման խորություն, նախասկզբնական կարևոր հիմնաքարեր միջմարդկային ջերմ հարաբերությունների մակարդակում, ընդհանուրի մասին հոգածության առանձնահատկություններ, որոնք արևմուտքում կարող են երկրորդական լինել: Բայց այդ նույն «արևելյան» մտածողությունը իր ծայրահեղության մեջ կարող է ճնշել անհատի դրսևորումը, ծայրահեղական «արևմտյանն» էլ՝ գցել եսականության գիրկը: Իսկ երկու բևեռների խաչմերուկում գտնվող փոքր երկրի համար ամեն ինչ ավելի նկատելի է, քանի որ այն կարող է հայացք գցել դրանց որոշ հեռավորությունից:

Այսպիսով, որպես կիրառելի գործիքներ՝ ունենք ահռելի համաշխարհային փորձ և չհունցված խմոր, որը դեռ շատ ջուր է ուզում և դեռ պիտի եփվի, բայց որի տեսակը կանխորոշված չէ արդեն ձևավորված և գործող ինստիտուցիաների սահմանափակ և տրամաբանական ընթացքով:

Մենք ունենք այն, ինչը ժամանակի սրընթաց հոսքի մեջ միշտ չէ, որ նկատվում և օգտագործվում է: Մենք ունենք ամենակարևորը՝ ընտրության ազատություն: Ձևավորված համակարգը քեզ արտոնում է հնարավորություններով, թևեր տալիս, մյուս կողմից՝ սահմանափակում է ընտրության տարբերակները: Ստանալով թևեր՝ դու թռչում ես այն կողմ, ուր քամին է փչում:

Աշխարհից շատ բան ունենք սովորելու. մեզ պետք է ձևավորել ստեղծագործ միջավայր, փնտրել նոր լուծումներ, նոր ձևեր, ձևակերպել նոր ասելիք, ընդլայնել հասարակության պատկերացումները արվեստի մասին, ու միևնույն ժամանակ՝ մենք կարող ենք և պիտի ազատ ու գիտակցված ընտրություններ կատարենք անընդհատ: Մենք կարող ենք պատճառահետևանքային կապերը խտացված ժամանակի մեջ տեսնել, ներծծել, բայց ոչ թե լինել միայն կրիչ և հետևորդ, այլ գտնել սեփականը և, ինչու ոչ, նույնիսկ թռիչք ապահովել: Այստեղ հարցը միայն ազգային դիմագիծը պահպանելը չէ, այլ այն, թե իր հիմքերի վրա կանգնած և հայաստանյան միջավայրում ձևավորված այսօրվա մարդն ինչ ունի անելու և ասելու:

Այսպիսով՝ ունենք մեր չքայլված ճանապարհը գծելու և նպատակակետը որոշելու «ազատ անհրաժեշտությունը»: Մենք ունենք ժամանակի մեջ դիտելու և դիտարկելու բացառիկ հնարավորություն, ունենք վերլուծելու և սինթեզելու, մեզ անհրաժեշտը վերցնելու և խանգարողը բաց թողնելու հնարավորություն:
Հիմա փորձենք պարզեցնել և ավելի հստակ խոսել մեր պերիֆերիկ տարածաշրջանի բարդությունների ու առանձնահատկությունների մասին, և թե ինչպես են դրանք ազդում արվեստի վրա:

Հասարակության ներսում արվեստի միջոցով դիմադրության և արվեստում պրոցեսների խտացման օրինակ են ուշ խորհրդահայ իրականության մեջ տիրող տենդենցները, որոնք նպաստում էին այնպիսի ինքնության կառուցմանը, որը մարգինալ է հանրության նկատմամբ և հենց այդ մարգինալ դիրքի շնորհիվ ի վիճակի է որոշակի ինքնուրույնություն ձեռք բերել տիրող համակարգից:

Որպես մարգինալ ինքնուրույնության օրինակ և դրա ձևավորման կենսական անհրաժեշտության հիմնավորում կարող է ծառայել «3-րդ հարկ» խմբավորման անցած ճանապարհը:1  Անշուշտ, 80-ականների խորհրդային և վաղ 90-ականների հետխորհրդային իրականությունը խիստ տարբերվում է նրանից, ինչ ունենք հիմա: Տարբեր է հասարակական գիտակցությունը, մշակութային կյանքը, պետության գաղափարախոսությունը, բայց ուշադրության արժանի է և կիրառելի կարող է լինել այդ ժամանակաշրջանի գաղափարական զսպողական թաղանթը ճեղքելու փորձառությունը:

Խորհրդային համակարգը, պահելով երկիրը տեղակատվական շրջափակման մեջ, ինքնին, թեև անգիտակցաբար, հանգեցրեց դիսիդենտների՝ այլախոհների դինամիկ փոքրամասնության տրամաբանական ձևավորմանը: Այս մարդիկ, ապրելով անիրական իրականության մեջ, ձգտում էին լինել իրական, տեսնել իրականության ընդհանուր պատկերը և անել արդիական արվեստ: Այդ ընդհանուր պատկերը երբեմն հարկ էր լինում հավաքել մաս առ մաս: «Ձնհալի» տարիներին, երբ կոմունիկացիոն միջոցներով, մասնավորապես՝ հեռուստատեսությամբ, սկսեց լուսաբանվել արտասահմանյան` կապիտալիստական հասարակության կյանքը, իրավիճակը ներկայացվում էր աղավաղված՝ ի օգուտ խորհրդային կառավարությանը: Ավելի հավաստի էին ռադիոյի եթերները, որոնք անմիջապես ներկայացնում էին արտասահմանյան ալիքները և դրանք չէին կարող շատ ձևափոխվել: Ուստի՝ եթե ուզում էիր ամբողջապես և ճշգրիտ տեղեկացված լինել, հարկավոր էր թողնել հեռուստացույցի միայն պատկերը և միացնել ռադիոյի ձայնը:

Մինչդեռ խորհրդային պրիզմայով անցած ցանկացած տեղեկատվությունն ընկալվում էր դրանում ենթադրվող ենթատեքստի տեսանկյունից: Սա անվանվել էր «տողատակ կարդալ»: Առաջացած տեղեկատվական և հոգևոր ծարավը հագենում էր տարբեր աղբյուրներից՝ արտասահմանյան երաժշտություն, արգելված գրականություն, արտաքին աշխարհի պատառիկներ՝ ամսագրերի, հագուստի և այլ իրերի ձևով, ոմանք ստեղծում էին ընդհատակյա խմբավորումներ, ծավալում քննարկումներ, տպագրում հոդվածներ կամ անում այլ ստեղծագործական աշխատանքներ, որտեղ քողարկված ներկայացնում էին իրենց ասելիքը ժողովրդին՝ տողատակով խոսելով:

«3-րդ հարկը» ձևավորվեց խորհրդային համակարգի փլուզման շեմին՝ 1980-ական թթ.-ին: Դրա միջուկը՝ սկզբնական 10-15 հոգին, հիմնականում սփյուռքահայերի ժառանգներ էին և որոշակի շփում ունեին արևմուտքի հետ, օրինակ՝ նամակագրության կամ ամսագրերի միջոցով: Այդ նամակները նույնպես հաճախ այլաբանական կամ ծածկագրային բնույթ էին կրում, ինչպես հայտնի անեկդոտում՝ « ...մեր երկիրը շատ լավն է, մեր երկրում ամեն ինչ կա և հասանելի է, օրինակ՝ մեկ փիղն արժե երկու ռուբլի, բայց եթե երկուսն էլ ավելացնես կարող ես մի հավ գնել…»:

Շփումները և տեղեկացվածությունը հանգեցնում էին նրան, որ այս երիտասարդները և, օրինակ, նրանց ամերիկյան հասակակիցներն ունեին հետաքրքրությունների մոտավորապես նույն շրջանակը: Հետևաբար՝ պահել նրանց զուտ խորհրդային իրականության չափանիշների մեջ այլևս անկարելի էր: Նրանց արվեստը բացահայտ ընդվզում էր խորհրդային գաղափարախոսության դեմ, դուրս էր պաշտոնական արվեստի էսթետիկ և ինտելեկտուալ պատկերացումներից: Պոպ արտը, մինիմալիզմն ու կոնցեպտուալիզմը, որոնց ուղղությամբ էլ հիմնականում աշխատում էին «3-րդ հարկի» անդամները, խարհրդահայ արվեստագետների ձեռքում ներկայացնում էին արվեստը՝ որպես պետական քաղաքականությունից անկախ երևույթ և որպես ինքնուրույն զարգացող կառույց, որի զարգացման ուղղությունն արմատապես տարբերվում էր պետական մոտեցումից՝ ձգտելով դեպի մասնավորը, անհատը: Նրանց ստեղծած արվեստի օբյեկտներն արվեստը մի կողմից՝ էսթետիկից, մյուս կողմից՝ քարոզչականից տեղափոխում էին մտածողության ու վերլուծության տիրութ: Սա արվեստագետներին դարձնում էր դժվար կառավարելի և արգելված շռայլություն էր խորհրդային տոտալիտար համակարգի համար, բայց անխուսափելի անհրաժեշտություն էր գլոբալ պրոցեսների տեսանկյունից:

Մեր պարագայում ևս կարելի է թվարկել բազմաթիվ արտաքին գործոններ, որոնք բարդացնում են մեր իրադրությունը, սահմանափակում աշխարհայացքը և, իհարկե, ազդում արվեստի զարգացման վրա՝ փոքր պետության աշխարհաքաղաքական դիրք, տնտեսական շրջափակում, կենսական վատթար վիճակ, արտաքին աշխարհի հետ սահմանափակ շփումներ և փոխազդեցություն, համապատասխան ինստիտուցիաների սղություն կամ դրանց գործառույթների ոչ լիարժեք իրականացում և այլն: Գործոնների հաջորդ շերտը մարդկայինն է, որը մասամբ պայմանավորված է վերը թվարկվածներով, մասամբ՝ պատմական ընթացքով և ազգային առանձնահատկություններով, մասամբ էլ (և ըստ իս մեծամասամբ)՝ ներքին անհատական գործոններով:Այդ գործոններից են կարծրացած մտածողությունը, որը չի փորձում փոխվել, կաղապարված չափանիշներին համապատասխանելու ձգտումը, նորի նկատմամբ թերահավատ վերաբերմունքը, մարդկանց պիտակավորումը, ավանդույթների ձևի ուռճացումը, ցուցադրականությունը և այդ հանգամանքներից կառչումը՝ զարգացման և ձևափոխման փոխարեն, հանրային կարծիքներից չափից դուրս կախվածությունը և հանրության այդ չափանիշներին, պատկերացումներին և սպասելիքներին համապատասխանելու ձգտումը (բայց եթե անհատների մեծամասնությունը ձգտում է նմանվել «նորաձևին», ապա այս փակ շղթան, ի վերջո, ու՞ր կարող է տանել) և այլն: Այս շերտի տակ արդեն գալիս են ներքին գործոնները՝ բնավորության, ընտրված ապրելակերպի, ներքին հոգեկերտվածքի, առաջնահերթությունների և նպատակների խնդիրները:

Վերը նշված գործոններն ազդում են արվեստի բնույթի, միտումների, ձևի ու զարգացման գործընթացի վրա: Այսպիսով՝ արտաքին գործոնները սահմանափակում են արվեստի ընդլայնման, պահանջվածության, իրացման հնարավորությունները: Մարդկային գործոնները պայմանավորում են արվեստի ընկալումն ու դրա նկատմամբ վերաբերմունքը: Ներքին գործոները որոշում են արվեստի բնույթն ու էությունը: Կարճ ասած՝ տարողունակ աշխատանք կա բոլոր մակարդակներում և ամենը պիտի արվի:

Այժմ այս խնդիրներին նայենք այլ տեսանկյունից և քննարկենք այն առանձնահատկությունները, որ ունի պերիֆերիկ աշխարհագրական դիրքը և այն հնարավարությունները, որ այն տալիս է: Դարձյալ անդրադառնանք «3-րդ հարկի» օրինակին: Մասնակիցների համար այդ ժամանակ Ամերիկան ազատության սիմվոլ էր և փարոս, այնտեղ գնալը՝ երազանք ու կյանքի նպատակ: Շատերը հենց այդպես էլ վարվեցին, բայց, ապրելով այնտեղ, տեսան նաև այդ համակարգի խնդիրները: Օրինակ՝ ցուցասրահի կառավարիչը հավանել է աշխատանքդ և պատրաստ է բավականին լավ վճարել դրա համար, բայց ակնկալում է քեզնից, որ դու կապահովես իր հավանած գործի նման, կոնկրետ քանակի այլ աշխատանքներով, ասենք՝ մի քանի տարի շարունակ: Որոշ ժամանակ հետո դու ունես արդեն ավելի նոր գաղափար, ավելի լավ աշխատանք կարող ես առաջարկել, բայց ցուցասրահը մերժում է այն, որովհետև ելնում է շուկայի պահանջարկից, իր շահերից՝ հասկանալով, որ այդ նոր աշխատանքի նկատմամբ պահանջարկ ձևավորելու համար հարկավոր են ժամանակ և ռեսուրսներ: Այդպիսով՝ ընկնում ես շուկայի ծուղակը: Նման հանգամանքներում պարզ է դառնում, որ երկու համակարգերում էլ ապրած անհատը առավելություն ունի թե՛ միայն Խորհրդային Միությունում, թե՛ միայն Ամերիկայում ապրած մարդու, արվեստագետի նկատմամբ: «3-րդ հարկի» անդամների գործերը ոչ միայն հավասար էին և մրցունակ տեղի ստեղծագործական պրոդուկտի հետ, այլև առանձնանում էին ստեղծողների ապրած փորձի խորությամբ: Խորհրդային ճնշող համակարգը կոփել էր վերջիններիս այլախոհական ոգին, սովորեցրել ապրել իրականության մեջ՝ դրա մեջ չլինելով՝ այդպիսով ձևավորելով նրանց մեջ մարդու՝ ներքուստ ազատության ձգտող ու որոնող տեսակը: Այս երկու հակադիր համակարգերում ապրողը երկուսում էլ սովորում էր, թե ինչ չանել: Մեկում դու գաղափարի գերին էիր, մյուսում՝ փողի: Իրականում արվեստագետը երկուսից էլ պետք է ազատ լինի: Թյուր կարծիք կա, թե մեծամասնությունը միշտ ճիշտ է, իշխում է փոքրամասնությանը, բայց իրականում հասարակությանն ավելի շատ առաջ է տանում մարգինալը, հաճախ այն անհատները, ովքեր առանձնացած են եղել, կամ դուրս են մնացել հասարակությունից (Նարեկացի, Ջորդանո Բրունո, Վան Գոգ, Կոմիտաս, Ցիալկովսկի, Բրոդսկի, գրեթե բոլոր մեծերը):

Այժմյան Հայաստանի և մեր ժամանակաշրջանի ընձեռած հաղորդակցական և տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները թույլ են տալիս շփվել և դիտարկել համաշխարհային փորձը, իսկ իրադարձությունների կիզակետում չգտնվելով՝ ավելի ինքնուրույն ես քո որոշումների մեջ և պատասխանատու՝ ուղու համար: Դա ստիպում է եռապատկել ձգտումդ, ջանքդ, խտանալ, զարգացնել ներքին ազատություն, աշխատել ներքին գործոնների հետ: Հետո աշխատանքը շարունակվում է փուլ առ փուլ բոլոր մակարդակներում՝ մարդկային գործոններ, արտաքին գործոններ: Գուցե ասկետիկ է հնչում, բայց արտաքին ճնշումներն օգնում են ի հայտ բերել ներքին հնարավորությունները: Արվեստի նոր որակ կարող է ծնվել այն ժամանակ, երբ ճանաչում և տիրապետում ես եղածին, բայց միաժամանակ նրա գերին չես, կարողանում ես «թարմ աչքով նայել» դրան և առաջ տեսնել ու չես կորցրել ներքին կապդ ինքդ քեզ հետ: Պերիֆերիան իր մեջ ունի նման ներուժ: Բարեկեցությունն ու աշխույժ երկրային կյանքը, որին այսքան կարոտ ենք ու որին այսքան ձգտում ենք, պետք է նպաստեն ներքին ստեղծարարության ծավալմանը, այլ ոչ թե շեղեն դեպի ձևականություն ու կախվածություն նյութական բարիքներից: Երբ պարտադրական ճնշումները թուլանում են, իսկ դու ուզում ես պահպանել ներքին «անսահմանության» զգացումը, պետք է արդեն ինքնակամ ձգտես ու հասնես դրան՝ այս անգամ առանց հենակների և ճիպոտի: Այս դեպքում ներքին աշխատանքը պետք է արտաքին ծավալմանը ու զարգացմանը գերազանցի կրկնակի, եռակի և ավելի անգամներ: Այսպես կոչված «աստղային հիվանդությունը» մեզ երկար տարիներ չի սպառնացել՝ այդպիսով փրկելով, բայց նաև լուսանցքում թողնելով համաշխարհային հանրության տեսադաշտից: Հիմա մեզնից է կախված, թե դա ինչպես կազդի մեզ վրա: Շատերն են ասում, և այո, մեր միջից պիտի դուրս գա «ստրուկի հոգեբանությունը», բայց ամենակարևոր հարցն այստեղ այն է, թե ու՞մ և ինչի՞ն ենք ծառայում: Մենք շատ ենք ճնշվել, խոնարհությունը եղել է մեր պատմական ընթացքի մեծ մասի հոգեբանական հրամայականը: Շատերն այս հարցը կապում են քրիստոնեության բնույթի հետ, բայց ես ոչ մի տեղ չեմ հանդիպել քրիստոնեական մի գիր, որ քարոզում է մարդու խոնարհություն մարդու առաջ. այս հատկանիշը ինձ համար միշտ բացվել է որպես Աստծո հետ շփումներին բնորոշ երևույթ: Ուրեմն «ստրուկի հոգեբանությունը» թյուրըմբռնված խոնարհություն է և ներքին սխալ ընտրություն: Իրականում՝ եթե չկա զոհ, չկա դահիճ: Մեզնից յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ լինել ստրուկ, վարձկան, որդի, թե՝ տեր, և բոլոր ճանապարհներն ունեն իրենց հետևանքները:
Այժմ, ստեղծված քաղաքական իրավիճակից և ենթադրվելիք հնարավորությունների ու կապերի ծավալումից ելնելով՝ կարևոր է ունենալ ընթացք և ձեռնարկել որոշակի հենակետային քայլեր: Ներկա պահի դրությամբ հաճախ նկատվում է ընդհանուր ստեղծագործական դաշտի միօրինակություն՝ էսթետիկական տեսանկյունից, որոշակի լճացում ասելիքի, արվեստի ֆունկցիոնալության և բազմաժանրության հարցերում: Դիտողի վերաբերմունքը մեծամասամբ սպառողական է, անտարբեր, անտեղյակ, իսկ նյութական կողմը՝ դժվար ապահովելի (նույնիսկ մեծ ցանկության դեպքում)՝ միջոցների սղության պատճառով: Այս տենդենցները պետք է շտկվեն: Կարևոր է ձերբազատվել դոգմաներից և ծավալել ինքնուրույն ստեղծագործելու որակներ, որի արդյունքները կլինեն և՛ արդիական, և՛ նորարարական, կունենան և՛ իրենց առանցքը, և՛ առաջխաղացումն ու փոխակերպումը: Դրա համար անհրաժեշտ է արդիական արվեստի հետ սերտ շփում, փոխներգործություն, միաժամանակ՝ դրանից ներքին առանձնացվածություն և անկախություն, փորձարարություն, ինքնաբացահայտում ու ինքնակրթում, և այս ամենը, միաժամանակ, սիրո ամուր առանցքի շուրջ: Իհարկե, սրանից բացի անհրաժեշտ է նաև ինստիտուցիաների աջակցություն, հանրության պատրաստվածություն, քաղաքական և տնտեսական ակտիվություն ու ներգրավվածություն: Պետք է փոխվի արվեստի ֆունկցիոնալության ընկալումը: Արվեստը, կարելի է ասել, սիրո դրսևորման, ճանաչողության, շփվելու, ինքդ քեզ հետ կապ հաստատելու միջոց է: Արվեստը հաղորդակցում է՝ ֆիզիկական, մտավոր, ենթագիտակցական, հոգևոր մակարդակներում, ամենատարբեր հնարավոր միջոցներով: Այն կախված է ոչ միայն ստեղծողից, այլև դիտողի ընկալումից: Արվեստը երկկողմանի շարժիչ ուժ է, որովհետև այն փոխում է և՛ արվեստագետին, և՛ դիտողին, այն ավելի ազատ է, քան պատմությունը, իրավիճակը, գիտակցական մակարդակը, որոնց հետ այն առնչվում և որոնց միջավայրում ձևավորվում է: Այն բացարձակ ազատ ներքին թռիչքի արդյունք է, և ի՞նչը կարող է սահմանափակել հոգուդ ընդգրկունությունը: Ուրեմն էլ ի՞նչն է խանգարում մեզ, աշխարհագրությու՞նը, քաղաքականությու՞նը, տնտեսությու՞նը, սո՞ցիումը: Եթե կարծում ենք, թե ներդաշնակ և ակտիվ զարգացման համար անհրաժեշտ են միայն դրական, նպաստավոր, ապահովված պայմաններ, ու սպասում ենք դրանց առկայությանը՝ գործելու և երջանիկ լինելու համար, ապա դա շատ միակողմանի մոտեցում է: Զարգացումը ենթադրում է երկու հակադիր բևեռների առկայություն, և զարգացողի հավասարարժեք, անկախ մոտեցում այդ երկուսին: Ձգտենք, գործենք, փոխենք, ավելացնենք հնարավորությունները, բայց միշտ անկախ լինենք հանգամանքներից, ունենանք մեր ներքին ազատության և երջանկության կայուն տիրույթը, որից էլ կբխի ստեղծարարությունը:

Կենտրոնը և պերֆերիան հնարավորությունների աղբյուրներ են, երկու բևեռներ, որոնք ձգտում են միմյանց: Դրանք մեկ օրգանիզմի մասեր են և չպետք է իշխեն կամ ճնշվեն, այլ պետք է գործեն ներդաշնակորեն փոխկապված: Քաղաքականությունը, տնտեսությունը, սոցիալական և այլ խնդիրները կարող են ազդել, բայց չեն կարող սահմանափակել արվեստի ձևը, էությունը և դրսևորման սպեկտրը: Արվեստը ծնվում և ձևավորվում է անհատի ներսում, ինքդ քեզ հետ ներքին կապի միջոցով, իսկ արտաքին մնացյալ ամեն տեսակի կապերով այն հղկվում է:

1. Իրավիճակն ավելի ամբողջական և մանրամասն պատկերացնելու համար զրուցել եմ «3-րդ հարկ»-ի անդամ, արվեստագետ Սահակ Պողոսյանի հետ՝ ձգտելով ժամանակակցի աչքերով հասկանալ կատարվածը:


Լիլիթ Մարտիրոսյանը նկարիչ է, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայի ուսանող: Մինչ այդ սովորել է «Հ. Կոջոյան» կրթահամալիրում, ապա Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժնում, որտեղ ուսանելու տարիներին փոխանակման ծրագրով կիսամյա կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների, այդ թվում՝ 2019թ.-ի Նախագահի մրցանակի վիզուալ արվեստների մրցույթի եզրափակիչ ցուցահանդեսին, «Տասներկու պատմություն» բարեգործական ցուցահանդեսին, «Art Fest» միջազգային երիտասարդական փառատոնին: Աշխատանքներ է ցուցադրել Նկարիչների միությունում, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան», ՀԲԸՄ և այլ ցուցասրահներում: