ամսվա ամփոփում

Երկփեղկված դիմադրություն՝ մոռացությունից փրկված

Մարինե Խաչատրյան

Փետրվարի 7-22-ը ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ «Ցուցիչներ» խորագրով ցուցահանդեսը, որը կարելի է համարել լրագրողական հետաքննության, հարցազրույցների ու լուսանկարչության միացում։ Արվեստագետը՝ լրագրող և լուսանկարիչ Անի Գևորգյանը, հարցազրույց է արել 2008թ-ի մարտի մեկի դեպքով ձերբակալված որոշ քաղբանտարկյալների հետ՝ բանահավաքի նման ի մի բերելով իշխանություններին ցուցաբերված դիմադրության մի շարք օրինակներ։ Նա նաև ներկայացրել է ի պաշտպանություն մարտի մեկի գործով քաղբանտարկյալների ցուցաբերված դիմադրության դրսևորումների լուսանկարներ՝ սեփական գրառումներով։

Ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչպես է դիմադրության ճակատագիրը 2008թ. երկփեղկվում՝ ընթանալով երկու ճանապարհով։ Երկհուն դիմադրության մի մասը կայանում է կալանավայրում՝ քաղբանտարկյալների նոր կացարանում, մյուսն ազատության մեջ՝ փողոցներում։ Հարցազրույցներն ու լուսանկարները դիմադրության այդ երկու ուղիներն են «լուսաբանում»։ Երկու դիմադրություններն էլ գործ ունեին օրինապահ մարմինների հետ, բայց մեկը տեսանելի էր հանրության կողմից, ուներ վկաներ, և մամուլը հանդես էր գալիս որպես «թամաշա», դրա համար առատ էին դրանք ներկայացնող լուսանկարները, իսկ մյուսը տեղի էր ունենում փակ պատերի ներսում՝ առանց տեսախցիկների։

Այդ երկփեղկումը ներկա էր նաև արվեստագետի կյանքում. 2010թ. նա ձերբակալվել էր և երեք օրով եղել քաղբանտարկյալ, ապա շարունակել էր իր դիմադրությունը փողոցում։ Բանտարկման այդ փորձառության հետ էին կապված Անիի գրառումները պատերին։ Այդ գրառումներն ու հարցազրույցները փորձում են հեռացնել այն շղարշը, որ կար փակ պատերի ներսում կայացող դիմադրության վրա։ Դրանցում անազատությունը ներկայացված է որպես մի մեծ անհարմարավետություն, որի հետ քաղբանտարկյալները ստիպված են գործ ունենալ ամեն օր։ Դա տեսակցության սահմանափակման, պարապության, տեղեկատվության պակասի, կենցաղային ամենատարբեր խնդիրների հետ կապված բարդությունների մի կծիկ է, որին գումարվում է բանտի աշխատակիցների, այլ կալանավորների ու իշխանությունների հետ հարաբերվելու խնդիրը։ Ընդ որում, փակ դռների հետևում դիմադրությունը ձուլված է կենցաղի հետ, կենցաղային հարցերը ընդվզման մաս են կազմում։

Մի քանի կալանավորների խոսքից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ անազատության մեջ մնալը դիմադրություն է իշխանություններին, քանի որ քաղբանտարկյալները մի քանի անգամ «հնարավորություն էին ստացել» դուրս գալ բանտից՝ ներման փաստաթուղթ ստորագրելու դիմաց, ըստ որի նրանք պետք է խոստովանեին, որ զղջում են այն «մեղքի» համար, ինչն իրենք իրականում մեղք չէին համարում։ Սակայն հարցազրույց տված կալանավորներից ոչ մեկը չէր համաձայնել ընդունել ազատության առաջարկի այդ գործարքը՝ չնայած խոշտանգումների ու կտտանքների և պարգևատրումների խոստումների՝ ինստիտուտի գործադրմանը։ Փաստորեն, բանտում մնալը շատ դեպքերում ընդդիմացում էր իշխանություններին, իսկ բանտից դուրս գալը՝ դիմադրության ավարտ։

Ցուցահանդեսը, սակայն, պնդում է, որ ազատությունը դիմադրության ավարտ չէ, այլ նոր սկիզբ, զուգահեռ ընթացող, այլընտրանքային ընդվզում։ Դրա մասին են վկայում մարտի մեկին հաջորդող տարբեր տարիներից ծաղկաքաղ արված լուսանկարները, որոնք քարտեզագրում են դիմադրությունները՝ տեղորոշելով դրանք տարածության մեջ ու խիտ տեղադրելով ժամանակացույցի վրա։ Այդ լուսանկարները ոչ թե հավակնում են լուսանկարչական արվեստի գլուխգործոցներ լինել, այլ կարծես ապացուցում են, որ քաղբանտարկալների առկայության հետևանքով մարդու իրավունքների նահանջող ոլորտն, իրականում, «անտեր» չէ. փողոցն այդ իրավունքների վերանվաճման վայրն է։ Լուսանկարները հետևողականորեն կասկած անգամ չեն թողնում հետմարտիմեկյան ժամանակահատվածում հասարակության պահանջատիրության մասին։

«Այս նախագիծն անելու միտքն առաջացավ, երբ սեփական փորձով հասկացա՝ ժամանակն անցնում է, 2008-ը հեռանում է, կարևոր փաստերը մոռացվում են։ Անգամ ես եմ մոռանում ինձ հետ տեղի ունեցած շատ իրադարձություններ և մտքեր»։ Այս ցուցահանդեսը մարտի մեկի հետ կապված իրադարձությունների մասին անձնական հիշողություները մոռացության ճիրաններից փրկելու համար է։ Արվեստագետի համար մոռանալը հավասարազոր է բացահայտման հույսերից հրաժարման, գործի կոծկման, ճշմարտության թաղման ու իրանակության խամրումի։ Եթե մոռացվում է դիմադրության իրադարձությունը կամ դրա որոշ դրվագներ, ապա վտանգվում է դիմադրության կարևորությունը, քանի որ սովորաբար մոռացվում է այն, ինչն անկարևոր է։ Իզուր չէ, որ դատապարտյալներից մեկը ցավով է նշում, որ մոռացել է իր բանտասենյակի համարը՝ նախանձախնդրորեն փորձելով մտաբերել այն։ Արվեստը դառնում է հիշողությունները թարմ պահելու ու դրանց հուզական լիցքը պահպանելու, հետևաբար նաև դիմադրության ակտը կարևորելու և վերարժևորելու միջոց, իսկ արվեստագետը՝ իրեն մոռացման թշնամին հայտարարած «ակտիվիստ», ում խրախուսմամբ քաղբանտարկյալներն իրենց հիշողությունների մութ նկուղից հանում են անձնական տեղեկատվություն՝ հաճախ ցավագին ու տառապալից։

Այս հակամոռացական ակցիայի մեջ արվեստի զգալի դերը երևում է կալանավորներից մեկի խոսքում։ Մեկ տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Հայոցյանը նշում է, որ ինքն անգամ իր տնեցիներին չի պատմում այն, ինչ հարցազրույցի ժամանակ է պատմում, քանի որ նրանց առանձնապես չի հետաքրքրում իր կյանքի այդ վեց ամսվա պատմությունը։ Արվեստը, փաստորեն, դառնում է այն թարմ ու լսելու պատրաստակամ ականջը, որի կարիքն ունի քաղբանտարկյալն (և առհասարակ բոլոր մարգինալները) իր դիմադրության պատմությունը մոռացությամբ սպանվելուց փրկելու համար։

Մոռացությունը հատկապես մահու չափ սպառնալից է թվում այն ժամանակ, երբ փաստերն ու հիշողություններն ավելի քան երբևէ անհրաժեշտ են գործը բացահայտելու և իրավական գնահատականներ հնչեցնելու, փաստաթղթերով հանցագործ ճանաչված անձանց արդարացնելու համար։ Դա հատկապես արդիական է այժմ, երբ կան նախադրյալներ գործի մանրամասներն ի հայտ բերելու համար, ու նշմարելի են այդ ուղղությամբ քայլերը։ Բացահայտման ջանքերի այդ ֆոնին թեմային ազատորեն անդրադառնում են մի խումբ արվեստագետներ, որոնց աշխատանքները լրացնում են մեկը մյուսին` փաստական տվյալները համեմելով հուզական հնչերանգով։

Այդ առումով պատահական չեն մարտի մեկին ընդառաջ այս ցուցահանդեսի ու Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» վերնագրով ֆիլմի թողարկման համընկնումը: Երկուսն էլ ահասարսուռ մոռացումը հիշողություններով հաղթահարելու փորձեր են. մեկը մարտի մեկի հետ կապված առավելապես հայտնի տեղեկություններն ընդհանրացնող, մյուսը՝ անհայտ անձնական պատմություններ պեղող, «ներսից» դիմադրությունը հանրայնացնող։ Պասկևիչյանի ֆիլմը գնում է փաստերի՝ խնամքով հավաքագրման ու իրողությունների ապացուցման ճանապարհով՝ փաստերից տրամաբանական շղթայով դուրս բերելով դեպքի մասին բազմաբնույթ արժեքավոր եզրակացություններ։ Իրադարձությունները պատմվում են ոչ թե առավելապես ցույցի մասնակիցների կամ ականատեսների, այլ մի անտեսանելի հեղինակ-«հետախույզի» կողմից։ Ի հակադրություն ֆիլմի՝ ներկա ցուցահանդեսը ապացուցողական չէ, քանի որ դեպքերից տուժած անձանց անունից է պատմվում դեպքերի հետագա զարգացման մասին, իսկ անձնական տպավորությունները ապացուցելու կարիք չեն զգում։ Եթե ֆիլմը դիտելով՝ մարտի մեկի և դրան նախորդող ու հաջորդող դեպքերը ամբողջանում են դիտողի մտքում, ապա ցուցահանդես այցելելով՝ դիտողը ծանոթանում է կոնկրետ անձանց փորձառության հետ։ Մի քանի հոգու դիրքից պատմվող պատմությունը գերում է հանդիսատեսին անձնականությամբ՝ վանելով պատմության «դասագրքայնության» հատկությունը, ինչը բնորոշ էր ֆիլմին։
Հիշողությունների ու փաստերի անձնականությունն է, որ իրավական փաստահավաք խմբի գործունեությունից տարբեր է դարձնում այս նախաձեռնությունը և արդարացնում այս նյութերի՝ ցուցասրահում ցուցադրվելը, այլ ոչ թե դատարանում՝ իբրև ապացույց օգտագործվելը։ Արվեստագետը, ըստ համադրող Գոռ Ենգոյանի, դիտմամբ հանել է քաղաքական դրդապատճառներին վերաբերող հատվածները՝ թողնելով անձնական փորձառությունները։ Դրա համար է, որ մաքուր սրբիչի և անկողնային սպիտակեղենի բացակայությանը, խավարասերների հետ սերտ «բարեկամական» հարևանությանը, հարազատների կողմից բերված ծիրանի, դրա՝ բանտարկյալին փոխանցման արգելման ու վերջիվերջո կալանավորի խցում հայտնվելուն, բաց պատուհանների՝ որպես ազատության խորհրդանիշի երազանքին և այլ` մանրուք թվացող պատմություններին հարցազրույցներում մեծ հնչերանգ է հաղորդված, որի շնորհիվ է, որ քաղբանտարկյալների պատմությունները իրական են սկսում թվալ՝ միսուարյուն ստանալով անսովոր ճակատագրերի՝ հանրությանն անհայտ մանրամասներով։

Պասկևիչյանի ֆիլմը և Գևորգյանի ցուցահանդեսը միևնույն նպատակն են հետապնդում տարբեր դրդապատճառներով։ Երկուսն էլ ծարավ են արդարության վերականգնման, մոռացության հաղթահարման, սակայն մեկի գլխավոր ցանկությունը հանցագործության մեղավորներին նշմարելն ու պատժի ենթարկելուն նպաստելն է, իրավական հանգուցալուծման հասնելուն օժանդակելը, թեկուզ անուղղակի կերպով, մյուսինը՝ պատժի ենթարկված անձանց անունը հանցագործի պիտակից մաքրելը։ Թերևս այդ դրդապատճառների մեջ պետք է փնտրել ֆիլմի ու ցուցահանդեսի՝ խնդրին տարբեր կողմերից մոտենալու նախընտրության հիմքը։
Այսպիսով, «Ցուցիչներ» ցուցահանդեսը ազատությունն ու անազատությունը՝ փողոցն ու բանտը, ներկայացնում է որպես դիմադրության երկու հավասարազոր ճակատներ։ Ազատության մեջ դիմադրությունը տարանջատված է կենցաղից, անազատության մեջ կենցաղն ինքը քաղաքական է. կենցաղային հարց բարձրացնելը հաճախ միահյուսված է դիմադրության օրակարգի հետ։