ամսվա ամփոփում

Դիտողը՝ ձեռնունա՞յն, թե՞ սոցիալականության մեջ անէացած

Մարինե Խաչատրյան

Դիտողը՝ ձեռնունա՞յն

«Գաղտնի հավասարումներ»1  ցուցահանդեսը ներկայացնում է Միկա Վաթինյանի կտավների նույնանուն շարքը: Տասնմեկ նկարներ են ընդամենը՝ իրարից շատ չտարբերվող, այն էլ՝ ներկայացված արվեստի գրադարանում՝ ցուցասրահի բախտին չարժանացած (գուցե ազատված դրա կաշկանդումից)։ Նշված պատճառներով մեծ հայտնագործություններ չխոստացող ցուցահանդեսը, սակայն, (տեքստն իր համապարփակությամբ, իսկ կտավները՝ ուղերձի հետևողականությամբ) արագորեն հակառակում է համոզում՝ տակնուվրա անելով այցելուի սպասումները, «ոտքերը մաքրելով» այդ ակնկալիքների վրա, որով ևս մեկ անգամ հարցադրման ցնցման են ենթարկվում արվեստից պահանջմունքները։

Ինչպես նշում է ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը՝ գեղանկարները վանում են իրենց մեջ կայուն իմաստի բացահայտման` դիտողի փորձերը: Ըստ այդմ՝ գործերի նշանակությունը դրանցից դուրս է, այն ոչ միայն գործերի բուն էության մաս է, այլև դրանից դուրս գտնվող հարցերը՝ «ինչո՞ւ են գործերը տասնմեկը և ոչ թե տասներկուսը», «ինչո՞ւ են դրանք մոնոխրոմ» և այլն: Արվեստագետը բացառել է գործերին ներհատուկ իմաստները, ջնջել պատկերները` դիտողի երկու պաշտամունքները: Համադրողը ,իր հերթին, շարունակել է ժամանակակից արվեստի գլխին խաղացվող խաղը և տեղավորել է գեղանկարները գրադարանում՝ մի վայրում, որը ենթադրաբար վերբալ լեզվի տիրույթ է, այլ ոչ վիզուալ։ Այս պարագայում մեծ ճիգեր են անհրաժեշտ չհարցնելու համար. «իսկ ի՞նչ է թողնված արվեստի գործի «շվարած շահառուին», նրա մասին հոգ տարվե՞լ է, ինչպե՞ս պետք է վարվի վերջինս արվեստը իր՝ ենթադրաբար կարևորագույն պարագաներից ազատագրված գտնելու փաստի հետ»։ Պատասխանը պարզ է՝ նրան շռայլորեն ընծայված է հարցերի մի նոր կույտ, հարցադրումների թարմ ընտրանի, կարևորը՝ պոստմոդեռնիստական մտածողության ու ժամանակակից արվեստի բռնած ծիրի շրջանակներում, որի մասին խորհրդածությունների վայելքը պետք է որ փոխհատուցի իմաստային դատարկության «փոսի» համար։

Սակայն փափագած իմաստի բացակայությունը չէր վրդովեցնի դիտողին, եթե այն բառացիորեն «կատարված» (performed), խաղացված կամ շուքով բեմադրված չլիներ։ Պատկերված են սև կամ սպիտակ գունաբծեր, որոնց արանքներում գումարման և հանման, բազմապատկման և բաժանման նշաններ են, տեղ-տեղ բծերը վերացել են և մնացել է միայն մաթեմատիկական գործողությունը։ Գրադարանում հայտնված ցանկացած մեկը իրեն բռնում է փութաջանորեն մտովի հաշվարկներ անելու վրա՝ այդ նշանների բաշխվածության տրամաբանությունը ըմբռնելու համար (ո՞վ չի շտապի լուծել առաջին պատահած առաջադրված հանելուկը)։ Մի քանի րոպե հետո նրա աչքի առաջ պատկերանում է արվեստի գործի «սարքած» հերթական «դավադրությունը» ու պարզ է դառնում, որ գործերը ձևեր են թափում, թե լրջորեն տրամաբանություն են թաքցնում, այնինչ միայն ձևաստեղծմամբ են զբաղված։

Սա կոդավորման նմանակում է, մի գործողություն, որ երկար ժամանակ արվեստի պարտականությունն էր համարվում ու կրնկակոխ հետևում էր նրան։ Ցուցահանդեսի վերնագրում խոստացված գլուխկոտրուկի լուծումը խաբկանք է, միտումնավոր խաբեություն, որի հետևանքով կա կոդավորման հարուցած մտավոր ճիգը, բայց չկա բանական հանգուցալուծումը, բացահայտման կուլմինացիան։Գործերը իմաստնություն են խոստանում, այնուհետև՝ թողնում ձեռնունայն, կոտրված տաշտակի առջև։ Դա նույնն է, որ խաչբառ կազմես և դիտավորյալ սխալ թվով վանդակներ պատրաստես պատասխանների համար (ապահովում ես ճիգը, հանում դրա արդյունքի չնչին հնարավորությունն իսկ) կամ հանելուկի համար պատասխան չնախատեսես, ծաղրես հանելուկ լուծողի՝ պատասխանն իմանալու տենչը։

Ահա դրա համար է, որ դիտողը «զայրացած» է ու խորապես հուսահատ (չնայած կուրատորի «զգուշացումներին»)։ Գործերը սեթևեթում են մտքի հետ ու սահմանափակվում այդքանով։ Եթե գործի մեջ պարփակված կայուն իմաստը ներկա չէ, սակայն դրա սին խոստման ուրվականը հետապնդում է այցելուին սրահով մեկ, ապա վերջինս ներքաշվում է իմաստի բացակայության մի քաշքշուքի մեջ, որտեղ դատապարտված է իր ձեռնունայնության ցավագին գիտակցմանը։ Իսկ պատկերի գեղագիտական վերլուծությամբ սնուցման հնարավորությունից զրկված էր արդեն վաղուց՝ սկսած կոնցեպտուալ արվեստից, ինչպես նշում է համադրող Վիգեն Գալստյանը։ Փաստորեն, իմաստի հնարավորությունը խնամքով մերժված է, իսկ գեղագիտական հաճույքը՝ կտրուկ կասեցված արվեստագետի կողմից՝ պատկերների դեկոնստրուկցիայի հետևանքով։ Միանշանակ ճշմարտությունների ավարտի դարաշրջանում փիլիսոփայությունից իմաստնություն կամ ճշմարտություն, կրոնից հոգևոր սնուցում գտնելու հույսը կտրած դիտողի նմանատիպ հայցը մերժվում է նաև արվեստի կողմից։ Ուրեմն այցելուն դափ-դատարկ ձեռքերո՞վ է։

Եթե այդպես է, ապա ի՞նչ է առաջարկվում այդ ձեռնունայնության զգացման տհաճությաննի վարձահատույց։ Իսկ առաջարկվում է հետարդիական մի զգաստություն, ակնկալիքների տոտալ վերահսկողություն, ինքնանդրադարձական հաշվետվողականություն։ Նախատեսվում է հասցնել դիտողին հետարդիական սթափության կանչը, ինքնաբերականությունից խորշանքը, պարանոյիկ զգուշություն ճշմարտություններից, իմաստներից ու իմացության հավակնությունից։ Իմաստի բացասումն ու խաթարումը գիտակցական է դարձնում դրա անհրաժեշտության նպատակահարմարության մասին հարցադրումը։ Ճակատայնորեն հրամցվող իմաստը սպառվում և մոռացվում է, դրա՝ կես ճանապարհին խանգարումը զգուշացնում է դրանում կարիքի մասին, զգոնացնում արվեստի «կարիքավորներին»։ Արվեստից կարիքը ոչ թե մեքենայաբար բավարարվում է, այլ որպես նոր հիմնահարց, աչքի չերևացող փուշ հրամցվում այցելուին։

Կարիքը տնտեսական պահանջարկի հետ նույնանալու հակում ունի, իսկ արվեստը, իհարկե, պետք է հավակներ հիմքից կտրել սպառողականության այդ շոշափուկի բունը։ Այդ պատճառով իմաստի փնտրտուքի տարերքին հագուրդ տալը կարճված է։

Սակայն սթափեցնող իմաստազրկության միտքը սկուտեղի վրա մատուցված չէ առաջին իսկ վայրկյանից, այն «վաստակվում» է կտավներում հանգուցալուծում գտնելու փորձի ձախողման արդյունքում։ Իմաստազրկությունը դրված է մի փակ տուփի մեջ՝ ջնջված պատկերների առեղծվածի շերտիտակ, որը բացվում ու հայտնաբերվում է դիտողի կողմից։ Այս առումով իմաստի բացակա լինելը բացահայտելը նույնքան պարգևատրող է, որքան դրա ներկայությունը կապահովեր, քանի որ անակնկալ բացակայությունը հայտնաբերելը որևէ կոնկրետ ներկայություն բացահայտելուց շատ չի տարբերվում։ Իմաստի փուչ լինելը տրվում է որպես նոր իմաստի հայտնություն, բացահայտման ակտը տեղի է ունենում թեկուզ հիասթափության ուղեկցությամբ, բայց ապակոդավորման գտածոյի բերած բավականությամբ (դիտողի ձեռնունայնությունը մեծ հարցականի տակ է դրվում)։

Դատելով համադրողի տեքստից՝ այս հարցի նրա պատասխանը կլիներ այն, որ Վաթինյանի աշխատանքները ոչ թե փիլիսոփայական հարցադրման՝ այդ սպառողական խաբկանքի օրինակներ են, որ փորձում են բռնացնել հենման կետեր ու պայքարել դրանց դեմ, այլ տատանման, ոչնչացման ու ավերման միջոցով տեղի ունեցող գործեր են։ Սակայն արդյո՞ք ոչնչացումը ևս չի շարունակում հարցադրման՝ քանդման ու ժխտման տրամաբանությունը։ Ջնջել նշանակում է տատանվել ու վերանայե՞լ, թե՞ մերժելով վերաքննել։

Խնդիրն այն է, որ այսօր արվեստը մի այսպիսի հակասականության առջև է հայտնվել։ Արվեստի էությունը հարցադրելը ժամանակակից արվեստում հեղինակազրկվել է, չհարցադրելը՝ կրկնակի և, ի դեպ, վաղուց։ Կարելի է ասել՝ ժամանակակից արվեստի տատանումը այս երկուսի միջև է՝ չարյաց փոքրագույնի ընտրության համար։ Եվ ընտրվել է այդ երկուսի մեջտեղում գտնվող առավել անվտանգ արարքը՝ վերանայումը՝ հետարդիական զգոնության ամենապայծառ երանգը։ Դա դիվանագիտորեն ապահովագրում է և՛ կատաղի առճակատումից, և՛ գրկաբաց ընդունելությունից, որոնք երկուսն էլ մասնակցում են միևնույն վարքուբարքին։ Վերանայումը, ջրի մեջ մտնելով, փորձում է չոր դուրս գալ, չմասնակցել, բայց միջամտել, ինքն անբիծ և մաս-մաքուր՝ սևագործել։

Վաթինյանի գործերը ևս այս վարանումի ու կամուկացի մեջ են։ Մերժել իմաստի առհասարակ հնարավորությունը, թե չմերժել, կոդավորել, թե անթաքույց ցուցադրել կոդերի բացակայությունը, բարդացնել, թե պարզեցնել, ստեղծել պատկեր, թե ոչնչացնել այն, դիտողին դատարկաձեռն թողնել, թե նրանն իրեն բաժին հանել՝ սա է երկընտրանքը։ Կոդի ներմուծումը և դրա ըմբռնման անկարելիացումը, ջնջված, իսկ մի կտավում ոչ միայն պահպանված, այլև, ի հեճուկս ավերման տրամաբանության, բազմացված պատկերը՝ Վաթինյանին մանուկ հասակում պատկերող լուսանկարները, այդ երկմիտ տատանման ապացույցներն են։

Համադրողի կարծիքով՝ այցելուի սպասելիքների բավարարումը սպառողական պահանջարկի բավարարում է, սակայն դրա հակառակը՝ այդ ակնկալիքների հարցադրումը, պակաս սպառողական չէ, ինչպես արդեն նշվեց։ Այս տեսանկյունից արվեստագետը հայտնվում է փակուղու առաջ, որտեղ էլ օգնության է գալիս տատանման փրկությունը, կիսով չափի կանոնը։

Այդ դեպքում, ինչու՞ խաղը կամ հարուցվող մտավոր վարժանքը բացառված չէ, դրա ներդրման մեջ վարանում չկա։ Դա դեռ մտնու՞մ է արվեստի պլանների նոսրացող շարքի մեջ։ Պատճառը հավանաբար այն է, որ դիտողի ձեռնունայնությունն իր ձեռքբերումը դարձրած արվեստը ավելի հարմար տարբերակ չի գտնում ներգրավելու դիտողինիր հետ հաղորդակցության մեջ, քան մտավոր խթանման հնարքը. դա առնվազն «անպտուղ» է, հետևապես` անվնաս։

Դիտողը՝ սոցիալականության մեջ անէացած

Մեկ այլ նախագիծ՝ «Տեսնել մատներով»2 անվանումով , դիտողի ձեռնունայնությունն առհասարակ անհնար է դարձնում, նույնիսկ վերնագիրը ժխտում է դրա հնարավորությունը։

Ցուցահանդեսը պայմանականորեն կարելի է բաժանել երկու հատվածի։ Մի մասը՝ վիդեոդիմանկարները, նկարիչ Սյուզաննա Հակոբյանի հետազոտական աշխատանքի արդյունքն են, որ բացում են փոքրիկ պատուհան դեպի կույր անձանց ներաշխարհն ու նրանց՝ սովորականից մի փոքր ավելի բարդ, բայց ոչ պակաս հագեցած առօրյա։ Դրանցում ներկայացված անձինք ունեն այնպիսի մասնագիտություններ, որ բազմաթիվ այլընտրանքային կարողությունների հետևողական զարգացում են պահանջում մեկ ուրիշ ունակության պակասը ծածկելու համար։ Վահեն համակարգչային ծրագրերի ինքնուս մասնագետ է, լեռնագնացության սիրահար, Լուսինեն՝ հոգեբան, Յուրին՝ շախմատիստ և երաժիշտ, Ռազմիկը ակտիվ թատերական կյանք է վարում, Վահանը գրադարանի աշխատակից է, Արկադին ցանկանում էր մեծ գիտնական դառնալ, Սահակը՝ խոզանակագործ է, 12-ամյա Արեգը երաժշտական դպրոց է հաճախում։ Եվ միայն իրենք գիտեն՝ ինչքան ճիգ է հարկավոր շախմատի խաղատախտակը պատկերացնելու ու կառավարելու, սար բարձրանալու, մի ձեռքով նվագելու, մյուսով նոտաները կարդալու, բանջարեղենը առանց վնասվելու կտրատելու, խավարի մեջ լողալ սովորելու, միլիմետրերի ճշգրտությամբ խոզանակներ պատրաստելու, ամեն ինչի «սամթը» ձեռքերով հարմարեցնելու համար։ Վիդեոներում յուրաքանչյուրը կիսվում է իր «երրորդ ամենատես աչքի» կարողացածով՝ փորձելով կռահել բանալիների գույները, նկարելով ծաղիկներ, մանրակրկիտ ներկայացնելով ընտանեկան ալբոմը (որտեղ ով է լուսանկարված), գրադարանում գրքերի հերթականությունը։

Ցուցահանդեսի մյուս մասում դիմանկարներ են՝ բրայլյան գրերի օգնությամբ արված, որոնց մոտ կան գրություններ։ Այդ գրվածքների մեջ արվեստագետը մի քանի բառով նկարագրում է պատկերված անձին՝ տեսողության սահմանափակություն ունեցող անձանց, իսկ պատկերվածն ինքն իրեն է նկարագրում։ Դիմանկարները՝ ի տարբերություն վիդեոների, խախտում են դիտողին կույր անձանց ապրելակերպի հետ ծանոթացնելու ցուցահանդեսային առավել տարածված ճանաչողական ձևաչափը՝ փոխելով դիտող-դիտվող վուայերիստական հարաբերությունը։

Ցուցահանդեսը մի քանի տեղերում հարցերին մոտենում է լրիվ հակառակ կողմից։ Ներկայիս քաղաքակրթությունները մարդկային հնարավորությունները դեպի անսահմանափակություն ձգելու և կարողություններն անվերջ ճկելու հավակնություն ունեն. ավելի ու ավելի բարձր շենքեր, առավել զգայուն ու «բանական» տեխնոլոգիաներ, անընդհատ թարմացվող նորանոր մարմնամարզական և այլ ռեկորդներ։ Սակայն այս ցուցահանդեսը (խոսքը մասնավորապես շոշափվող, ուլունքաշար հիշեցնող դիմանկարների մասին է) ոչ թե մի քար ևս ավելացնում է մարդկային կարողությունների ուռճացվող սանդուղքին, ամենակարողության փքուն իդեալին, այլ առաջարկում է պակասեցնել եղածներից մի շատ կարևոր հատված, մի փոքր ժամանակով հրաժարվել դրանցից մեկից՝ տեսողությունից։ «Եթե տեսնում ես այս գրածը, փակիր աչքերդ և զգա» հորդորը՝ գրված ցուցասրահի պատին, դրան է մղում։

Այդ հրաժարումն է, որ փորձում է հավասար իրավիճակի մեջ դնել տեսնող և չտեսնող մարդկանց։ Բայց այս անգամ հավասարության դեպքը ապահովվում է ոչ թե չտեսնող մարդկանց հնարավորինս տեսնողների փորձառությանը մոտեցնելու ձևով (մի ջանք, որ անընդհատ հետապնդում է չտեսնողներին. վիրահատություններ, բազում բժշկական միջամտություններ), այլ տեսնողներին չտեսնողների «տեսածի» մասին պատկերացում տալ։ Այս ցուցահանդեսում հավասարություն հետապնդողները ոչ թե չտեսնողներն են, այլ տեսնողները։ Տեղերով փոխվում են տեսնողն ու չտեսնողը. տեսնողն է ձգտում տեսնել չտեսնողի նման, իսկ չտեսնողը դառնում է տեսնելու նշաձող։ Եվ հանկարծ, ոչ թե չտեսնողն է հարցականի տակ դնում տեսնելու իր խոտոր ունակությունը, այլ տեսնողն է կասկածում պատկերացնելու, պատկերը մտածելու, սահմանափակ միջոցներով մտապատկեր գծագրելու իր «կաղ» ձիրքի վրա։ Մարդկային սահմանափակությունն այցելուին ներկայանում է իր գերմարդկային ամենակարողության մեջ, քանի որ տեսնել այնքան, ինչքան մատներով տեսնում է կույրը, իր մատների կարողությունից ու զգայունությունից, մտքի սրությունից և պատկերացնելու ճարպկությունից վեր է։

Նախագիծը չի գնում հավասար հնարավորությունների պարզունակ քարոզի, ներառականության խրատի ճանապարհով (այլապես կլիներ հոգնեցուցիչ, ինչպես ցանկացած այլ խրատ), այլ հավասար պայմաններն ու ներառականությունը դառնում են այցելուի մոտ ինքնին բնականորեն առաջացող, ոչ թե նրան պարտադրվող միտք։ Այն ոչ թե համոզում է (քանի որ համոզելը առավել հաճախ ենթադրում է չհամոզվող), այլ, դուրս գալով ակտիվիզմի «համոզչական» տիրույթից, դնում է այցելուին մի նոր՝ աչքը ձեռքերով փոխարինելու` իր համար աննախադեպ փորձառության մեջ, որի հետևանքը ցանկացած անհասանելի պատկեր հասանելի գոգավորության, անըմբռնելի հարթությունները ճանաչելի ու ձեռնհասու ուռուցիկության վերածելու կպչուն իղձի առաջացումն է. դա ոչ թե դիտողի վզին փաթաթված ցանկություն է, տրված գաղափար, իջեցված հրաման/հորդոր, այլ հանգեցվող միտք, հետևաբար՝ մնայուն և առանց արագ հետադարձի ուղու։ Հավասար պայմանների սուր անհրաժեշտությունը դառնում է այցելուի հաստատ համոզմունքը։ Այստեղ է երևում ցուցահանդեսի թափը։
Սրա շնորհիվ է, որ այցելուն «շարքից դուրս է գալիս», ինչպես պնդում է համադրողը։ Դիտողը կորցնում է դիտորդ մնալու բոլոր շանսերը։ Այդ ժամանակ է, որ փակվում է առհասարակ այցելուի «շահի» հարցը, և դատարկաձեռն, թե լիքը ձեռքերով լինելու խնդիրը դուրս է գալիս մեջտեղից։ Արվեստից իր ստանալիքը «պահանջելու» և իր օգուտը պարզելու նրա սևեռումը անհետանում է։ Դատարկաձեռնության մտքին նախորդած շահախնդրությունը վերանում է մատների շոշափածի վերցրածով։

Ձեռնունայնության հարցը մեկընդմիշտ կորչում է տեսադաշտից այն պատճառով, որ դիտողն ականատես է լինում մի դիպվածի, երբ արվեստը «ներկայանում է իբրև մի տուն, որտեղ մարդկային հոգու փխրունությունը կարող է գտնել իր ապաստանը», ինչպես նշում է նախագծի համադրող Նազարեթ Կարոյանը։

***

Դիտողի դիրքի տեսանկյունից այս երկու ցուցահանդեսների (մի նախագծի, որը հանդիսատեսին մասնակից չի դարձնում գործի կայացմանը և մյուսի, որ ներգրավում է նրան) քննումն առաջարկում է դրանց ընկալման մի յուրահատուկ տարբերակ։ Սա հատկապես կարևոր է արվեստի գործերի ու դրանց հասցեատիրոջ միջև կապի թուլացման մասին հնացող (կամ հնացած) խոսակցությունների շրջանակում։ Դիտողի շահի հարցը մի դեպքում առաջին պլան է մղվում, դառնում է ցուցահանդեսի ընկալման անբաժան մաս, երկրորդ դեպքում՝ հետին անկյուն քաշվում, քանի որ դիտողը սեփական կամքից անկախ ներգրավվում է ցուցահանդեսի մեջ, ֆիզիկապես դառնում դրա մասը՝ դրանով խուսափելով դրա էության ու նպատակահարմարության հարցադրումից։ Առաջին դեպքում դիտողը հայտնվում է արվեստի սահմանների ներսում այդ սահմանների վերանայման ու դրա հետևանքով ձևավորվող հարցերի շրջապտույտում, երկրորդ դեպքում՝ արվեստի միջոցով ստանում է բուն արվեստի սահմաններից դուրս գտնվող փորձառություն:

1. Բացված դեկտեմբերի 1-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

2. Բացված դեկտեմբերի 10-ին Ժամանակակից արվեստի թանգարանում

"Գաղտնի հավասարումներ" ցուցահանդեսի լուսանկարները՝ Գաֆեսճեան արվեստի կենտրոնի արխիվից

"Տեսնել մատներով" ցուցահանդեսի լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի

Translated by Vigen Galstyan