վերլուծություն

«Հաղթանակի գենեզիս». հուշերի կուտակում, զրոյացում, նորից կառուցում

Նունե Հախվերդյան

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը վերջին մի քանի ամսում մեծ լարումով ու հաճույքով է աշխատում: Թերևս, սա առաջին հետսովետական թատրոնն է, որն իրեն Հայաստանում ազատագրված է զգում:

Թատրոնը կազմավորվել է արդեն անկախ Հայաստանում` 1991-ին, բայց սովետական մոդելով, ինչը ենթադրում էր անշտապ ու անցնցում խաղացանկային ներկայացումների շարունակականություն (ոչ լավ, ոչ վատ, բայց կայուն ու կռահելի) ու գեղարվեստական ղեկավարի հաստիքի կարևորում (որը մեծ ընտանիքի հայրն էր ու որոշիչ օղակը):

Բայց վերջին տարում Համազգային թատրոնն ակամայից անցավ լուրջ ցնցումների միջով և (գրեթե ինչպես ողջ Հայաստանը) կարողացավ նոր ընտրելու-կառավարելու կարգ հեղինակել, պնդել ու հաջողել:

Թատրոնը դիմադրեց կենտրոնի՝ հին ու նոր մշակույթի նախարարների միանձնյա նշանակումներին, ազատագրվեց «բռնակալ» գեղարվեստական ղեկավարից ու տնօրենից, մերժեց նրանց փոխարինողներին ու, ի վերջո, ղեկավարներ դարձրեց «ժողովրդի թեկնածուներին», այսինքն` իր շարքերում աշխատողներին:
Թատրոնի նման ազատագրումը դարձավ ստեղծագործական պոռթկումի առիթ: Բնական է, որ հեղափոխական ազատագրումը ծնում է էներգիա, որի խելամիտ բաշխումը հենց ծախսն է: Ծախսում ես ու դրանով լիցքավորվում:

Միայն այս տարի Համազգային թատրոնի 18 դերասանից բաղկացած խումբը 7 պրեմիերա է նախատեսել: Թատրոնի նորընտիր գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով՝ դերասանները խաղի ծարավ են:
2019-ի ձմռանը թատրոնում տեղի ունեցավ «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացման պրեմիերան, որը նախապատրաստվել է մի քանի տարի՝ ընդմիջումներով, բովանդակության ու ֆորմայի որոնումներով:

Նպատակ կար ստեղծել ներկայացում, որի հիմքում իրական մարդկանց հիշողություններն են՝ Սովետի փլուզման, հանրահավաքների, պատերազմի, դիմակայության, կորստի ու հաղթանակի մասին: Այսինքն՝ այն ամենի, ինչը Հայաստանի Հանրապետության առաջին տարիներն էին:

«Հիշողությունը» և «իրականությունը» զարմանալի բառեր են: Ու շատ մեծ ռիսկ է դրանք դնել կողք կողքի, հավասարության նշանով, քանի որ հիշողությունը միշտ անհատական է, ինքնաբուխ, ընտրովի ու հեղհեղուկ: Այն արտացոլում է և, միաժամանակ, մոդելավորում իրականությունը, որը փորձում է արդեն անփոփոխ փաստ ձևանալ:

«Հաղթանակի գենեզիս»-ը հազվագյուտ հաջողված ներկայացում է: Եվ, առաջին հերթին, այն բանի շնորհիվ, որ ստացվել է որսալ անհատական հիշողությունների արժեքը՝ առանց դրանք անջատելու անհատից, առանց հավակնելու լինել ավելի ընդհանրական, ամբողջական, վերացարկված, միգուցե նաև՝ ավելի խորը:

Ներկայացման ամենաթանկ ձեռքբերումը անհատական հնչերանգն է, որի օգնությամբ պատկերացում է ստեղծվում իրականության մասին: Իրականությունը կարծես միայն ֆոն է, որը խիտ հուշերի միջից անընդհատ աչքով է անում, խմբագրվում ու համալրվում է դետալներով:
Իրականությունը կա, որպեսզի մենք այն հիշենք:

Երեք դերասաններ բեմի վրա պատմում են այն, ինչն իրենք վերապրել են 30 տարի առաջ, երբ երեխա էին կամ պատանի, իսկ իրենց շուրջբոլորը փոխվում էր ամեն ինչը՝ կենցաղը, սոցիալական կապերը, քաղաքական համակարգը: Փոխվում էին դպրոցը, փողոցը, մտերիմները, ուտելիքներն ու երգերը, ներխուժում էր պատերազմը, հետո՝ դրա հաղթահարումը: Իսկ նրանք ընտելանում էին նոր իրավիճակին. փայտ էին հայթայթում տաքանալու համար, դասեր էին անում ռմբապաստարաններում, ճանապարհում էին ծանոթներին ռազմաճակատ, հացի կտրոնով փորձում էին հաց գնել, խաղում էին փամփուշտներով ու ականների բեկորներով, լսում ու տեսնում էին, թե ինչպես է քաղաքականությունն ու պատերազմը դառնում առօրյա:

Դերասանների եռյակը՝ Նարինե Գրիգորյանը (Արցախից), Արման Նավասարդյանը (Շամշադինից), Վարշամ Գևորգյանը (Երևանից) պատմում են այն, ինչը կուտակել են իրենց կյանքի փորձով: Երեք տարբեր աշխարագրական կետեր են, որտեղ կյանքը նման չէր, բայց միաժամանակ՝ փոխլրացնող:

Սկզբում դրամատուրգ Սառա Նալբանդյանը որոշել էր հավաքագրել տարբեր մարդկանց հուշերն ու ստեղծել վերբատիմ կառուցվածքի պիես, որտեղ կային հերոսներ ու պետք էր նրանց մարմնավորել: Բայց երբ հերթը հասավ փորձերին, տեքստին սկսեցին դիմադրել դերասանները: Նրանք իրենց հուշերն ունեին ու պատրաստ չէին դրանք միախառնել միգուցե ավելի տպավորիչ, բայց բոլոր դեպքերում ոչ իրենց վերապրածին ու տեսածին:
Արդյունքում՝ կտրականապես որոշվեց, որ նրանք բեմից պատմելու են միայն այն, ինչ վերապրել են ու չվերապրածը չեն պատմելու: Դրամատուրգը ընդունեց այդ պայմանը՝ նորից լսելով դերասաններին ու նրանց հուշերը վերադարձնելով իրենց՝ որպես դերեր:

Վերբատիմը ստեղծվում է հարցազրույցներով, որոնք մշակվում են ու ասվում են բեմից՝ արդեն դերասանի շուրթերով: Բայց այս դեպքում հարց տվողը միաժամանակ հարցին պատասխանողն է, և հիշելու-մոռանալու կծիկը կարող է նույն հաջողությամբ թե՛ բացվել, թե՛ ավելի խճճվել:

Վավերագրական նյութը տեղափոխվում է բեմ ու ինքը սկսում փոփոխվել, քանի որ սկզբնաղբյուրը նույն ինքը մեկնաբանողն է:

Սա բավականին բարդ աշխատանքային շղթա է, որի հաջողությունը տեքստն է:

Դրամատուրգիան պետք է կառուցվի այնպես, որ հենց տեքստում լինի գործողություն ու բախում: «Հաղթանակի գենեզիս»-ը, իհարկե, փորձել է շարժվող ու տրանսֆորմացվող դեկորացիաներ օգտագործել (բեմանկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան), բայց դրանք ընդամենը տեքստի իլյուստրացիաներ են, ռիթմ ապահովող տարրեր, որոնք թույլ չեն տալիս ձանձրանալ: Մեծ սեղան է, գրքեր, նկարներ, խաղալիքներ, վզկապներ, թմբուկներ ու դրոշներ, որոնք հայտնվում են, երբ իրենց մասին խոսում են:

Բայց կարևորը հուշերի արխիվի կազմաքանդումն է ու նորից կառուցումը՝ կրկին որպես արխիվ: Արդեն այսօրվա դիրքերից:

«Հաղթանակի գենեզիս»-ի տեքստը գրված է հմտորեն ու զգուշորեն: Եվ եթե անգամ իմպրովիզացիայի տարածքներ կան, դրանք ունեն իրենց առանցքային հանգույցները (օրինակ՝ բոլոր հերոսների հայրերի թեման), կոնֆլիկտային կառուցվածք (օրինակ՝ ապաստարաններում գտնվելու փորձառությունը կիսում են երկուսը, երրորդը նրանց չի հասկանում ու չի հավատում, հետո մյուս երկուսը կիսում են նույն խաղերի փորձառությունը, իսկ երրորդը հարցեր է տալիս):

Ու ստեղծվում է հետաքրքիր պարադոքս. թատրոնը, լինելով պայմանական միջավայր, կյանքն է դարձնում պայմանականության հումք, և միայն դրանից հետո կյանք լինելու հայտ ներկայացնում, ասելով՝ տեսե՛ք, սա մենք ենք, գտե՛ք ձեզ մեր մեջ: Իսկ եթե անգամ չգտնեք, պարզապես ծանոթացե՛ք:

Ներկայացումը նաև ճանաչողական դեր ունի. կա սերունդ, որն այդ տարիները չի հիշում կամ ունի աղոտ պատկերացումներ: Կաթի փոշի, ֆիդայական երգեր, Լենինը դասագրքերում, հացի կտրոններ, հինգ մասի բաժանվող «Սնիքերս»: 20-ամյա սերնդի կյանքից դուրս են մնացել, վրիպել են այն խառը ժամանակները, երբ անընդհատ ծնվում էին կենցաղային կամ գաղափարական բեկումներ, հետո հաղթահարվում, փոփոխվում ու անհետանում էին: Հասցեատերը նաև այսօրվա դպրոցականներն ու ուսանողներն են, որոնց ծնողները ապրել են այն, ինչի մասին հիմա նրանք լսում են՝ որպես բեմադրության: Եվ զարմանում են:

Այդպես վավերագրության տարրը, զարմանքի հետ միախառնվելով, դառնում է ավելին, քան պարզապես անկեղծություն: Ավելի ճիշտ՝ անկեղծությունից սկսվում է մի բան, որը զարգանում է թատրոնի կանոններով:
Դերասանները պատմում են անհատականի մասին ու գտնում նմանություններ, նույնը անում է նաև հանդիսատեսը:

Ողջ ներկայացման ընթացքում մենք լսում ենք, թե ինչպես են մեզ պատմում երեք տարբեր ձայներով նույն ժամանակահատվածի մասին: Ձայները տարբեր են նաև իրենց տեմբրով՝ հնչեղ ու հաստատուն Արմանը, փոքր-ինչ ֆլեգմատիկ, անվրդով Վարշամը, զրնգուն ու արագախոս Նարինեն:

Ձայնային պարտիտուրան ևս ռիթմ է, որն օգնում է տեքստին հաղորդել թատրոնին այդքան անհրաժեշտ կոնֆլիկտային մակերեսը: Դերասանները շտապում են հիշել՝ առանց վերամբարձ դադարների ու պաթոսի: Չեն ուզում խաղալ, ուզում են պատմել: Եվ սա ներկայացման գրավչությունն է:

Երկու տարի առաջ մեկնարկած «Հաղթանակի գենեզիս»-ի փորձերը արգելակում էին տարբեր պատճառներով, և, թերևս, ամենախորհրդանշական պատճառը նախկին ղեկավարի որոշումն էր, որ պետք է դասական գործեր բեմադրել («Համլետը», օրինակ): Եվ երբ թատրոնն իրեն զգաց ազատագրված, նորից վերադարձավ սառեցված ռիսկային նախագծին ու ավարտեց իր «Հաղթանակի գենեզիս»-ը, որը սկզբից ուներ «Պատերազմի խաղալիքները» անվանումը, բայց հետո, բարեբախտաբար, փոխեց իր տոնայնությունը՝ դառնալով ավելի անհատական: Չէ՞ որ, պատերազմը բոլորինն է, իսկ հաղթահարումը անհատական է:

Պատերազմը դասական բառեր ու իրավիճակներ է ուրվագծում, իսկ հաղթանակը՝ կամերային ու լուսանցքային:
Կա նաև չափազանց կարևոր պայման. հաղթանակը նաև մոռանալու ունակությունն է:

Այդ մասին «Հաղթանակի գենեզիս»-ը ակնարկում է հենց իր պատմողական, ֆրագմենտացված կառուցվածքով: Մոռանալու-հիշելու ամպլիտուդն օգնում է այս ներկայացմանը դուրս գալ անկեղծ լինելու ու միաժամանակ թատերական լինելու պարտադրանքից:

Հանդիսատեսը սկսում է վերհիշել իր ոչ վաղ անցյալը, երբեմն՝ կարոտաբաղձությամբ, իսկ ավելի հաճախ՝ գոհունակությամբ (ինչ լավ է, որ մոռացվել է):

Թե՛ դրամատուրգը, թե՛ դերասանները դա զգացել են իրենց մաշկի վրա: Շատ բան մոռացել են, որ հիշելու տեղ թողնեն:


Լուսանկարները՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ֆեյսբուքյան էջից