վերլուծություն

Վիզուալ արվեստից կատարողական արվեստ և հետ

Սոնա Հովհաննիսյան

Ուրիշ մարդիկ, ուրիշ խոսքեր, ուրիշ շարժումներ, ուրիշ կերպ լուծվող խնդիրներ... Բեմի մթության մեջ ուրվագծվում է արագացող շարժումը, «Ուրիշը»՝ պարողը հայտնվում է բեմում, վերևից թափվող լույսի տակ նա կագնում է, կարծես, սպասելով խոսելու հնարավորությանը... Այս տարվա գարնանը ԳԱԿ Փոքր թատրոնի բեմում խաղացվեց «La Vie En Rose / Ուրիշ պարեր» ներկայացումը, որն արդեն մի քանի անգամ խաղացվել է ոչ միայն Երևանում, այլև մարզային թատրոնների բեմերում: Այս թատրոնի բեմում հաճախ են խաղացվում պարային ներկայացումներ՝ ժամանակակից խորեոգրաֆիկ մոտեցումներով, ուստի խաղացանկին քիչ թե շատ ծանոթ հանդիսատեսը կենթադրի, որ տվյալ ներկայացումը ևս պարային է, իսկ անվանումը գուցե հղի մեկ այլ պարային՝ «Ne me quitte pas/ Մի լքիր ինձ» ներկայացմանը: Ներկայացումն իր ներքին կառուցվածքով կարելի է բաժանել վեց մասերի, որոնք առանձանում են երաժշտության և խորեոգրաֆիայի միջոցով: Միևնույն ժամանակ՝ պարողների կողմից ձայնագրված անմիջական մտորումները ինքնության և հասարակության մեջ «ուրիշ» լինելու գաղափարների շուրջ հստակ սյուժետային գիծ են կառուցում: Ինքնին ներկայացումը հաշմանդամություն ունեցող և չունեցող կատարողներին ընձեռված հնարավորություն է կիսվելու, խոսելու իրենց անհանգստությունների մասին՝ պարի և պարում իմպրովիզացիայի միջոցով, և դրանով, գուցե, ձևակերպելու կամ յուրային դարձնելու «Ուրիշ»-ին (գուցե ընթերցողին տարօրինակ թվա, թե ինչու ենք օգտագործում «կատարող» բառը, այլ ոչ «պարող», սակայն, քանի որ ներկայացման մեջ ներառված են պարողներ, որոնք հանդես են գալիս այս կամ այն կերպ որպես խորեոգրաֆ, դերասան, պարող, ապա հստակության համար կօգտագործենք ավելի ընդգրկուն «կատարող» բառը):
Վերջին տարիներին թատրոնում շատացել են պարային ներկայացումները, որոնք հավակնում են ներկայացնելու ժամանակակից պարի բազմազան ուղղություններ, սակայն դրանց շուրջ ծավալված բանավեճերի պակասը կամ իսպառ բացակայությունը, թույլ չի տալիս հասկանալ, թե արդյոք մեր պարային ներկայացումները պարզապես նորարարության փորձեր են, թե իսկապես ժամանակակից պարի օրինակներ: Այս ներկայացումը առիթ է անդրադառնալու այդ երևույթին՝ ժամանակակից պար ասվածին, վիզուալ և կատարողական արվեստների փոխհարաբերությանը և դրա գոյաձևին մեր թատրոնում:
«La Vie En Rose / Ուրիշ պարեր» ներկայացմանը հետաքրքիր երանգ է տալիս անվանումը: Այն է՝ ուզում ես մտածել, որ ահա բեմադրիչը մի պահ շեղվել է գեղագիտակական և փիլիսոփայական խնդիրներից և անդրադարձել է արվեստի ներքին երկխոսությանը՝ հրավիրելով դիտելու իսկապես սկզբունքորեն «ուրիշ պարեր», և այս կասկածները ամրապնդվում են, երբ նկարագրության մեջ կարդում ենք, որ «ուրիշ»՝ իմպրովիզացիոն մոտեցում է ցուցաբերվել ներկայացման խորեոգրաֆիան ստեղծելիս, որոշակի հղացքների վրա հիմնվելով՝ այն ստեղծվել է պարողների անմիջական մասնակցությամբ:

Ներկայացման առաջին հինգ րոպեների ընթացքում պարզ է դառնում, որ այն շարունակում է դեռևս «Մի լքիր ինձ» ներկայացման սկզբունքը. պարողները անդրադառնում են խմբի բոլոր մասնակիցների մտորումներին և ապրումներին, խնդիրներին, որոնց բախվում ենք ամեն օր, ամեն տեղ, այս անգամ կուլմինացիայի հասնելով Էդիթ Պիաֆի La Vie En Rose երգի ուղեկցությամբ («Մի լքիր ինձ» ներկայացման մեջ էլ հնչում է Ժակ Բրելի Ne me quitte pas ստեղծագործությունը): Տվյալ դեպքում «ուրիշությունը»-ը ներառական խնդիրն է, որը իր կրողին դարձնում է «Ուրիշ», մնացածից տարբեր, ինչպես ներկայացման մեջ է հնչում, «ոչ նորմալ». կարծիք, որը գուցե հասարակոթյան կողմից է առաջ քաշվում: Այս դեպքում ներկայացման խնդիրն է ցույց տալ այդ «Ուրիշ»-ի չուրի՞շ լինելը, թե՞ լայնացնել հասարակության մեջ «նորմալության» մասին պատկերացումների սահմանները: Այս անգամ ինպրովիզացիան է դառնում միջոց բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներից բաղկացած խմբին հանգիստ չտվող հարցերը: Ընդ որում, «բարձրաձայնել» բառը արդարացիորեն կարելի է օգտագործել ուղիղ իմաստով, քանի որ ներկայացումը, հույս չդնելով պարողների կատարողականության՝ «լսելի» լինելու վրա, մարմինը և շարժումը չդիտարկելով որպես խոսք, «խոսեցնում է» կատարողներին. ներկայացման տարբեր հատվածներում կարող ենք պարբերաբար ձայնագրությամբ լսել պարողների մտորումերը ժամանակի, կյանքի հոսունության և սեփական անձի սահմանափակ կարողությունների շուրջ անհանգստությունները, գիտակցումը, որ իրականությունը պարտվում է վիրտուալ տարածքին, իսկ պարը հավակնում է կենդանի/ողջ լինելու միակ հնարավորությունը դառնալու, բայց ոչ բոլորի համար: Կարելի է ասել, որ միաժամանակ դիտում ենք երկու ներկայացում. մեկը վերբալ/վիզուալ է, իսկ մյուսը՝ պարային/պլաստիկ: Խոսքը չի լրացնում, չի փոխարինում սյուժեն, այլ բացատրում կամ զուգացկում է այն պարային հատվածները, որ պատրաստվում ենք դիտել: Այսպես, օրինակ, պարողներից մեկը խոսում է այն մասին, թե որքան է մեր կյանքում նախապատվությունը անցել վիրտուալ աշխարհին, մարդիկ կորցնում են իրականության և միմյանց հետ կապը, և, հաջորդիվ, տեսնում ենք կոնտակտ իմպորվիզացիա` մի խումբ պարողների կողմից, որոնք սկզբից մի ամբողջություն են, ապա կորում են մթության մեջ, մնում են երկուսը, ինքնաբուխ կոնտակտ իմպորովիզացիան վերածվում է կապը/կոնտակտը չկորցնելու պայքարի, որում սակայն զույգը պարտվում է. աղջիկը կորցնում է տղային և հեռանում:

Ժամանակի սահունության և ժամանակը վատնելու մասին մտահոգությունները, կարծես, դրսևորվում են խորեոգրաֆիայում՝ սահուն չընդհատվող շրջանաձև շարժումների մեջ, սակայն, միևնույն է, օգնության է գալիս պարողների գլխավերևում կախված հետհաշվարկ ժամացույցը, որը զրոյանալուց հետո նորից սկսում է հաշվարկը, ժամանակը վերադառնում է իր սկզբնակետին: Մեկ այլ տեսարանում «Ուրիշ»-ի՝ յուրային լինելու հայտարարությունը ուղեկցվում է երեք պարողների հանդիսավոր պարով՝ Էդիթ Պիաֆի La Vie En Rose երգի ներքո. երիտասարդ տղաները պարացնում են հաշմանդամություն ունեցող՝ սպիտակ զգեստով աղջկան, իսկ մյուսների ձեռքներում գտնվող փուչիկները, ֆիլմի դանդաղեցված կադր հիշեցնելով, ֆոն են դառնում:

Վիզուալ նյութերի և խոսքի առկայությունը իսկույն հետ են վանում թատրոն գալուց առաջ գլխումդ ծագած հարցը, թե արդյո՞ք եկել ես դիտելու ժամանակակից պար, որը մասն է կատարողական արվեստի, և առհասարակ ինչ է կատարողական արվեստը:
Ներկայացնման եզրափակիչ հատվածը սկսվում է սկզբում նշված պարողի ներկայությամբ: Այժմ նա կարող է բարձրաձայնել իր ասելիքը, նա այլևս «Ուրիշ»-ը չէ, ոչ թե այն պատճառով, որ դարձավ յուրային, այլ որովհետև մնացածը դարձան «Ուրիշ»-ներ: Հարցազրույցավար- բեմադրիչի այն հարցին, թե «կուզե՞իր մի օր արթնանալ և տեսնել, որ բոլորը քո պես են շարժվում», հնչում է դրական պատասխան, և այսուհետ բեմի վրա բոլոր պարողները շարժվում են նրա պես: Գունավոր գնդիկներից անձրևը կամ հրավառությունը (թողում եմ ձեր երևակայնությանը) բեմի վրա եզրափակում է ներկայացումը և առաջ քաշում այն պնդումը, որ այդ գունագեղության մեջ իրականում բոլորը միանման են, «նորմալ», չկա հասարակության կողմից առանձնացված «ուրիշ»: Սա՞ է բեմում և բեմից այս կողմ գտնվողների ցանկությունը: Եթե այո, ապա երազանքները դառնում են իրականություն:
Կատարողական արվեստի ձևակերպվելուն պես կենդանությունը, ֆիզիկիկան շարժումը և անմշտնջենականությունը գեղանկարչության և քանդակագործության ստատիկության այլընտրանքը դարձան արվեստագետների համար, քանի որ եկան հաստատելու արվեստի ոչ նյութական, անառարկայական էությունը: Կատարողական արվեստը տվյալ ներկայացման սահմաններում դրսևորվում է կատարողների՝ բեմում իրականացվող գործողություններով: Իրենց հերթին, ներկայացման մեջ օգտավործվող առարկաները, դեկորացիայի մաս կազմող իրերը անհրաժեշտաբար դառնում են այն վիզուալ նյութը, որը «ձայնազրկում» է շարժումը, բեմում կատարվող գործողությունը, անգամ խոսքը դարձնելով վիզուալ: Խորեգրաֆիան ապահովում է կատարողական տարրը, ապա նորից նահանջում է ցայտուն վիզուալ շտրիխերի համեմատ: Գործողությունը, այս դեպքում՝ շարժումը, այդպես էլ չի դառնում սեփական լեզու ունեցող միավոր: Երբ մարմինը այդպես էլ չի դառնում ինքնաճանաչման գործիք, ինչպես կատարողական արվեստը կենթադրեր, «Ուրիշին» ոչինչ չի մնում քան սպասել, որ մի օր հասարակությունը իրեն յուրային ընդունելու փոխարեն ինքը կդառանա «Ուրիշ»-ը, ինչպես և ներկայացման վերջին տեսարանում ենք դիտում իրենց շարժումներով, քայլվածքով և ժեստերով մնացած պարողների ընդօրինակումը հաշմանդամություն ունեցող պարողին: Ինքնաբերաբար ուղղակի կապ է հաստատվում վիզուալ-կատարողական արվեստի փոխհարաբերության և «Ուրիշի» չուրիշ լինելու միջև: Կարելի է ասել, որ ներկայացման ընթացքում վիզուալ գործի ընկալումից գնում ենք կատարողական արվեստի ընկալմանը և սահուն անցնում նորից վիզուալի, իսկ «Ուրիշ»-ը պայքարում է իր «ուրիշ» չլինելու դեմ, սակայն նախևառաջ նա ստիպված է ձևակերպել իր գոյությունը և հաստատել իր «ուրիշությունը» (ինչը արվում է ոչ այնքան պարային լուծումներով, որքան բեմադրական և նորից խոսքի միջոցով ), ինչից հետո չուրիշ լինել արդեն անհնար է:

Լուսանկարները՝ Փոքր թատրոնի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաեւ