վերլուծություն

Ձայնային արվեստը հայաստանյան իրականության մեջ

Վարդան Հարությունյան

Հայաստանում ձայնային արվեստի մասին գրելը նման է մարդ լինելու մասին խոսելուն, երբ դեռ չես ծնվել։ 2000-ականներին կոնսերվատորիայում ուսանելուս տարիներին, ըստ իմ դիտարկումների, կոմպոզիցիայի բաժնում թե՛ դասախոսական կազմի, թե՛ ուսանողների մոտ կար որոշակի պատկերացում այնպիսի ուղղության մասին, ինչպիսին է կոնկրետ երաժշտությունը (Musique concrète), որը ստեղծվում է դաշտային ձայնագրությունների համադրման և ձևափոխման միջոցով։ Այս ուղղությունը քննարկվում էր, հասանելի էին պարտիտուրներ, ձայնադարանում կային ձայնագրություններ, տեսաբանների շարքերում կոնկրետ երաժշտությունը նույնպես հայտնի էր և շոշափվում էր որոշ տեսական աշխատություններում։ Այդուհանդերձ, կոնսերվատորիայում երբևէ չեմ հանդիպել կոմպոզիտորի, որ ստեղծագործեր այդ ժանրում՝ո՛չ մեծահասակների, ո՛չ երիտասարդների շարքերում։ Իհարկե, որոշ կոմպոզիտորներ օգտագործում էին դաշտային ձայնագրություններ, որոնցից մեկին մենք կանդրադառնանք ստորև։ Այնուամենայնիվ, կոնկրետ երաժշտությունը կոմպոզիտորների կողմից բացահայտված չէր. մասամբ այս բացը պայմանավորված էր մեր երկրում տեխնիկական միջոցների համեմատաբար ցածր հասանելիությամբ։

***
Musique concrète-ը կամ կոնկրետ երաժշտությունը մի ուղղություն է, որ ստեղծվեց1940-ականներին Ֆրանսիայում։ Այս սահմանումն առաջարկեց ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեռ Շեֆերը։ Սա երաժշտության մի ուղղություն է, որում օգտագործվում են դաշտային ձայնագրություններ (field recordings)։ Այս ուղղությունը, հավանաբար, կարելի է համարել ձայնային արվեստի սկզբնաղբյուր։ Երբ ստեղծվեցին ու լայնորեն հասանելի դարձան ձայնագրման և ձայնի ձևափոխման միջոցները, երաժշտական ավանդական միջոցների հետ մեկտեղ դրանք սկսեցին իրենց յուրահատուկ դերը խաղալ երաժշտության մեջ։
Ձայնի ձևափոխման միջոցները մաթեմատիկական փոփոխություն են կատարում ձայնի ալիքում, օրինակ՝ կրկնում նույն ալիքը որոշակի ժամանակ անց մի կամ մի քանի անգամ (սա կոչվում է delay կամ ուշացում), դանդաղացնում կամ արագացնում են այն և այլն։ Ձայնի ձևափոխման առաջին գործիքները անալոգային էին, դրանք ֆիզիկական, էլեկտրամագնիսական միջոցներով էին կատարում իրենց գործառույթը: Հիմա օգտագործվում են նաև թվային միջոցներ, որոնք մաթեմատիկական ճանապարհով են ձայնի ալիքի ֆունկցիան փոխակերպում։ Բնականաբար թվային միջոցները ավելի բազմազան են, ավելի շատ համադրություններ կարող են ստեղծել անալոգայինների համեմատ: Այնուամենայնիվ, երկուսն էլ լայն օգտագործում ունեն ժամանակակից երաժշտության մեջ։

Ձայնագրության մեջ ալիքը միշտ մեկն է. թեև մենք կարող ենք դրանում լսել միաժամանակ մի քանի երաժշտական գործիք, ամբողջ ձայնագրությունն իրենից մի ֆունկցիա է ներկայացնում, մի ալիք։ Եթե մենք մի ձայնագրության մեջ ենք համադրում առանձին գործիքների ձայնագրություններ, դրանց ալիքները՝ մաթեմատիկական ֆունկցիաները, գումարվում են։

Բնության մեջ էլ է ձայնը նման ձևով տարածվում։ Պարզության համար կարելի է պատկերացնել ջրի ալիքները. երբ երկու ալիքների բարձրագույն կետերը հատվում են, այդ մասում ավելի բարձր ալիք է ստեղծվում։

Ձայնի տատանման բարձրությունը, այսինքն՝ այն, թե ինչքան հեռու է տատանման կետը զրոյականից, կոչվում է ամպլիտուդ. երաժշտական լեզվով սա ձայնի ուժգնությունն է։ Տատանման հաճախականությունից կախված՝ ձայնի տոնն է փոխվում, երաժշտական լեզվով՝ նոտան։

Այս ֆիզիկական երևույթները բնորոշվում են մեզ քաջ ծանոթ երաժշտական տերմիններով, ինչպիսին են նոտան (հաճախականություն), հարմոնիան (հաճախականությունների համադրություն), տոնայնությունը (ընտրված գլխավոր հաճախականության՝ տոնիկայի շուրջ ուրիշ հաճախականությունների կազմակերպման համակարգը), ուժգին կամ թույլ ձայնը (ամպլիտուդ), ինտերվալը (հաճախականությունների համեմատականը) և այլն։
Դասական տոնայնությունն ու հարմոնիան (որոնք մեր մտքում կապված են մեղեդի, մեղեդային երաժշտություն հասկացությունների հետ) ստեղծվել է ձայնի օբերտոնային շարքից ելնելով։ Օբերտոնային շարքը այն հաճախականությունների շարքն է, որոնք տեղ ունեն մի նոտայի մեջ։

Թվով առաջինը օկտավային օբերտոնն է (օկտավան այն ինտերվալն է, որում երկրորդ նոտան երկու անգամ ավելի բարձր հաճախություն ունի քան առաջինը)։ Օկտավայինից հետո կվինտային օբերտոնն է և այլն։ Օբերտոնային շարքի ինտերվալների հիման վրա ստեղծվել է ամբողջ երաժշտության պատմությունը։ Օրինակ՝ այն երաժշտության հիմքում, որը մենք անվանում ենք տոնայնական, կամ խոսակցական լեզվով՝ մեղեդային, ընկած է կվինտային շրջանը։ Տոնայնությունների կազմակերպման այս սխեմատիկ կառույցը ստեղծվել է 18-րդ դարում, Պյութագորասյան երաժշտական համակարգից հետո: Այն նաև սկիզբ է դրել տեմպերացված երաժշտական համակարգին, որը, փաստորեն, կիսատոների է բաժանում ամբողջ ձայնային սպեկտրը։ Տոնը և կիսատոնը այն երաժշտական ինտերվալներն են, որոնցով կառուցվում է լադը կամ մոդուսը։ Դրանց հաջորդականությունը տեմպերացված երաժշտության մեջ կվինտային շրջանի օգնությամբ է որոշվում։ Կիսատոնից փոքր երաժշտական ինտերվալը (հաճախականությունների տարբերությունը) կոչվում է միկրոտոն։ Ժամանակակից աշխարհում միկրոտոնային տարբերությունները հաշվում են ցենտերով՝ 100 ցենտ կես տոնում։ Տեմպերացված երաժշտությունը յուրահատուկ օպտիմալացում է, որն օգնեց ստեղծել ժամանակակից երաժշտական սիստեմը, բայց նաև խիստ սահմանափակեց ձայնային սպեկտրի առաջնածին բազմազանությունը երաժշտության մեջ։ Մոդեռն երաժշտության մեջ միկրոտոները լայն օգտագործում ունեն, սակայն դրանք գործում են տեմպերացված կիսատոնային սիստեմում։ Մինչդեռ ձայնային արվեստը լիովին անկախ է տեմպերացված կառույցից։

Ինչպես տեսնում ենք՝ երաժշտական և մաթեմատիկական այս բոլոր երևույթները մշտապես իրար հետ սերտ կապի մեջ են եղել, բայց երաժշտության դարավոր զարգացման ընթացքում մարդկությունը չի հասել մի կետի, որտեղ կկարողանար պնդել, որ հասկացել է ձայնի բնույթը։ Հենց ձայնի բնույթն է կազմավորել երաժշտության պատմությունն այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն հիմա։ Ձայնային արվեստը նույնպես չի բացահայտում ձայնի բնույթն ամբողջությամբ, սակայն այն ավելի մոտ է օբերտոնային շարքի հեռավոր հաճախականությունների հետազոտությանը։


***
Չնայած դաշտի ձևավորված չլինելուն՝ Հայաստանում, անշուշտ, շատ են այնպիսի անհատ արվեստագետներ, որոնք անդրադարձել են ձայնային արվեստին կամ ստեղծել են որոշակի աշխատանքներ՝ հիմք դնելով և ներուժ ձևավորելով հետագա զարգացման համար։ Այդպիսի արվեստագետներից շատերը փորձարարական արվեստի ներկայացուցիչներ են։ Հարկ է ընդունել, որ առանձին ստեղծագործողների ներկայությունը բավարար պայման չէ ձևավորված դաշտի կամ ձայնային արվեստի շուրջ կազմավորված ցանցի գոյության համար։ Ցանցի ստեղծման կարևոր պայման են ստեղծագործողների հասանելիությունը միմյանց համար, այսինքն՝ փոխգործակցության հնարավորությունները և արվեստի այս տեսակի՝ այլ մեդիաների հետ ակտիվ փոխհարաբերությունը, ինչին կարող է նպաստել արվեստագետների շարքերի համալրումը։

Ստեղծագործողից անկախ՝sound art-ը (ձայնային արվեստ)առկա է երաժշտության մեջ, ուրիշ մեդիաներում, նաև ժամանակակից, կոնցեպտուալ արվեստում։ Ավելի խորը թափանցելով՝ կարելի է ասել, որ ձայնային արվեստը, ինչպես և արվեստը ընդհանրապես, ներկա է բոլոր երևույթներում՝ մարդու առօրյայում, քաղաքի տեղեկատվական դաշտում, մոլորակի բոլոր բնական երևույթների մեջ, ընդերքում, նյութերի մեջ թաքնված ռեզոնանսում, Անտարկտիդայի սառցադաշտերում, տիեզերքում. այս արվեստը կընկալվի որպես արվեստ, երբ գտնի իր դիտորդին(observer)։ Ամերիկացի հեղինակ Թերենս Մաքքենան իր դասախոսություններից մեկում նշում է, որ տիեզերքն ինքնին ստեղծարար մեքենա է, որն անընդհատ ավելի ու ավելի բարդ արվեստ է գեներացնում։

Ձայնային արվեստը որոշակի ընդհանրություն ունի երաժշտության հետ. իմ դիտարկմամբ՝ այն ավելի հանդուրժող է ֆորմալիզմի նկատմամբ, քան վիզուալ կամ տեքստային արվեստը (բրիտանացի փիլիսոփա Ալեն Ուոթսը համեմատում է երաժշտությունը էլեկտրոնների պարի հետ՝ հարցականի տակ դնելով առհասարակ իմաստավորման անհրաժեշտությունը արվեստում և իրականության մեջ)։ Կոնցեպտի, գաղափարի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տեքստի դերը ձայնային արվեստում այդքան մեծ ու պարտադրված չէ, որքան, օրինակ, վիզուալ կամ տեքստային արվեստում, բայց հաճախ նաև ավելի կարևոր է քան երաժշտության մեջ։Իմաստավորումը ձայնի դեպքում լրիվ նոր ձև է ստանում. այն կատարվում է ոչ թե վերբալ, այլ հաճախականությունների, տատանումների, կլաստերների և նման այլ երևույթների տիրույթում։ Գուցե ձայնի լեզվի այս բարդությունն է պատճառներից մեկը, որ հայկական ժամանակակից արվեստը այդքան շատ չի անդրադարձել ձայնին՝ որպես առանձին մեդիայի, որքան ցանկալի կլիներ։

Այժմ բարենպաստ ժամանակ է ձայնային արվեստի զարգացման համար. այս գործընթացը սկսվել է վերջին տարիներին և հիմա թափ է հավաքում։ Սա, իհարկե, վիճելի է, հնարավոր չէ ստույգ կարծիք կազմել այս մասին՝ առանց մեծ հետազոտական աշխատանք կատարելու։ Բայց գործող անկախ արվեստագետի դիտակետն է, որ ուզում եմ ընդգծել և ընթերցողի ուշադրությունը սևեռել դեպի այն իրականությունը, որում ապրում է ձայնային արվեստի դաշտում փորձարարող երաժիշտը՝ հիմնվելով սեփական փորձառության վրա։ Հուսանք՝ այս հայացքն այլընտրանք, ինչպես նաև ներդրում կհանդիսանա հետազոտական ու արվեստաբանական տեսանկյան համար՝ տվյալ դաշտի ուսումնասիրության կոնտեքստում։

Ե՛վ ժամանակակից արվեստագետների, և՛ կոմպոզիտորների փորձառությունը ձայնի ասպարեզում հիմնաքարեր են դրել sound art-ի զարգացման համար։

Հայտնի է, որ 20-րդ դարում կարևորագույն ներդրում ունեցող հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը մեծ դեր է կատարել ակադեմիական ստեղծագործություններում ձայնագրությունների օգտագործման պրակտիկայի ներմուծման մեջ, ինչը, հավանաբար, կարելի է համարել կոնկրետ երաժշտության, առավել ևս՝ ձայնային արվեստի հետ հայկական ակադեմիական երաժշտության ամենասերտ շփումը։ Ժամանակակից արվեստը, իր հերթին,ազդեցություն է ունեցել ձայնային արվեստի կոնցեպտուալ և փիլիսոփայական ասպեկտի վրա։

Կարելի է դիտարկել ձայնային արվեստի ծագման հիմնական երկու աղբյուր: Առաջինն է ակադեմիական երաժշտական նյութի բարդացումը, որի հետևանքով էլեկտրոնային միջոցների ներմուծման կարիք է առաջանում, նյութը բնույթով սոնորիստիկ է դառնում և մոտենում կոնկրետ երաժշտությանը՝ դաշտային ձայնագրությունների կիրառմանը(սոնորիստիկան 1950-ականների ուղղություն է լեհական ավանգարդ երաժշտության մեջ, որում ձայնային ֆենոմենը մեծ կարևորություն ստացավ)։
Երկրորդ աղբյուրը ժամանակակից արվեստում մեդիաների միահյուսումն ու ազատ օգտագործումն է, որը հանգեցնում է ձայնի նոր ընկալմանը։ Իրականում այս երկուսն էլ զուգահեռ ընթացքներ են: Հայաստանում մոտ տասը տարի առաջ ակադեմիական երաժշտության դպրոցը ու ժամանակակից արվեստը գրեթե լիովին անջատ էին միմյանցից. դրանց միջև մեծ տեղեկատվական բաց կար: Ժամանակակից կոմպոզիտորներից քչերն էին պատկերացնում ժամանակակից արվեստի էությունը լայն իմաստով, իսկ ժամանակակից արվեստագետներից ոմանք համարում էին, որ երաժշտությունն՝ անկախ ժամանակաշրջանից և նյութի բարդությունից, չարժե արվեստ համարել, այլ միայն դեկորատիվ կամ իլյուստրատիվ երևույթ կամ արհեստ։ Անշուշտ, ժամանակի ընթացքում այս երկուսն ընդլայնեցին իրենց սահմանները և ստեղծեցին հնարավորություն իրենց աստիճանական միահյուսման համար։ Թերևս ուրախությամբ կարելի է արձանագրել, որ արդեն որոշակի փոխադարձ հանդուրժողականություն է ի հայտ եկել տարբեր ուղղություններում աշխատող արվեստագետների միջև, որը պայմանավորված է գործիչների կողմից այդ ուղղությունների ավելի խորը իմացությամբ։

***
2009 թվականին ես ավարտեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, որտեղ մինչ օրս, ըստ իս, ամենամեծ բացերից մեկը շարունակում է մնալ էլեկտրոնային երաժշտության մշակույթին և դրա տեխնիկաներին ծանոթացնող բաժնի բացակայությունը։ Որոշ ժամանակ անց Wormhole անունով էլեկտրոնային երաժշտության մի ակումբում, որի տեղում այժմ Միրզոյան գրադարանի ակումբային տարածքն է, հանդիպեցի Ռաֆ Գեոլեցյանին, ով իմ նման նոր էր սկսում աբստրակտ ձայնային արվեստում իր փորձերը։ Հանդիպումը մեծ և հաճելի անակնկալ էր.Ռաֆը իմ հանդիպած առաջին մարդն էր, ով, ինչպես և ես, զբաղվում էր ժամանակակից փորձարարական ձայնային արվեստով։ Մեկուսի ստեղծագործողների պատահական ծանոթությունը սովորական երևույթ էր Երևանյան իրականության մեջ։ Ավելի ուշ LSD խմբի հետ համագործակցելով՝ բացահայտեցի նոր փորձարար երաժիշտների, որ punk psychedelic ուղղությունից էին մոտենում աբստրակտ ձայնի գիտակցմանը: Նրանց թվում էր Կայ Խաչատրյանը, որը ստուդիայում ինժեներական նորարար ձայնային փորձեր էր անում, և ուրիշներ։

Զուգահեռաբար, AJZ space նոր արվեստի տարածքում արվեց ձայնային կատարման առաջին փորձերից մեկը՝ մի խումբ ժամանակակից արվեստագետների կողմից, Նորարար Փոձարարական Արվեստի Կենտրոնում ներկայացվեցին ձայնային ստեղծագործություններ։ Կոնցեպտուալ արվեստում ձայնային բաղադրիչը աստիճանաբար ավելի էր կարևորվում։

***
Հարկ է նշել, որ Հայաստանում կոնցեպտուալ կամ աբստրակտ ձայնային արվեստ ստեղծող էքսպերիմենտալ երաժիշտների հիմնական մասը զուգահեռաբար աշխատում է տեքնոյի կամ այլ պարային էլեկտրոնային երաժշտության ոլորտում, ստեղծում նոր ակումբային երաժշտություն, նվագում ռոք կամ ջազ խմբերում։ Սա բնական է, քանի որ ձայնային արվեստի պատվերը մեծ չէ։ Այնուամենայնիվ, բացի հանրային կամ վարձատրվող պատվերից, բարեբախտաբար, գոյություն ունի այսպես կոչված «արվեստի պատվերը», արվեստն ինքն է թելադրում նոր նախագծերի ստեղծման կարևորությունը։

Վերջին մոտ երկու կամ երեք տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվեց Ժամանակակից ձայնի նվագախումբը, որը բաց կազմ ունի։ Բացի այն արվեստագետներից, որոնք մշտապես մասնակցում են նվագախմբի կատարումներին, նախագիծը պատրաստ է նոր արվեստագետներ և երաժիշտներ ընդունել։ Խմբի գրեթե բոլոր կատարումները տարբեր կազմերի ձեռքով են անցել։ Այս անսամբլը ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը և նոր աշխատանքային տարածք է փնտրում. մինչ այդ փորձերը տեղի էին ունենում Երևանի Կոմպոզիտորների միության տարածքում։ Գաղտնիք չէ, որ ժամանակակից արվեստի համար նախատեսված և հարմարեցված տարածքների թիվը խիստ փոքր է։ Ժամանակակից ձայնի նվագախումբը համագործակցում է նաև վիդեոարտիստների հետ։
Փաստորեն, նույն ստեղծագործ անհատները միաժամանակ սպասարկում էին Երևանի գիշերային կյանքը և ստեղծում «ցերեկային» ձայնային աբստրակցիա նեղ լսարանի համար. այս զուգահեռ աշխատանքը կոմերցիոն և փորձարարական ոլորտներում լայնացրեց այդ ժամանակվա մեր քարացած պատկերացումներն «իրական»արվեստի մասին։ Արևմուտքում,ուր կապիտալիստական և արվեստագիտական այլընտրանքային հայացքների համագործակցությունը շատ ավելի հեռու է հասել, քան մեզանում, և արվեստագետի հանրային դերերը ավելի շատ են և բազմազան, սա սովորական պրակտիկա է։

Տեքնո, հաուս կամ այլ պարային երաժշտություն ստեղծելու և ակումբային կյանքը նոր երաժշտությամբ լցնելու գործում ժամանակակից ձայնային արվեստագետների մասնակցությունը շատ կարևոր է, այս երևույթը պետք չէ դիտարկել միայն որպես հարկադիր աշխատանք կամ կոմպրոմիս. արվեստագետը մոտեցման և ընկալման նոր հորիզոններ է փնտրում և առաջարկում բոլոր ոլորտներում, և սա օգտակար է նոր հասարակության կառուցման գործում։ Կարևոր է տվյալ ուղղությամբ աշխատողի դերը կինոյում, նույնիսկ հեռուստատեսության կամ գովազդային ոլորտի ձայնային ձևավորման գործում. չարժե այս աշխատանքը դիտարկել որպես զուտ տեխնիկական։ Համակարգում արվեստի դիմադրությունը նույնքան կարևոր է, որքան արվեստագետի՝ դրսից սևեռած քննադատական հայացքը տվյալ համակարգին։

***
Հայաստանում ձայնային արվեստի զարգացման ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում մի քանի հիմնական փոփոխությունների շնորհիվ։

Առաջինը ձայնային արվեստի համար նոր տարածքների, հարթակների ստեղծումն է։ Հարթակը և աճող հետաքրքրությունը ձայնի՝ որպես սուբստանցի կամ որոշակի լեզվի նկատմամբ, նախապայման են ստեղծում ոլորտի զարգացման համար. այն անհատները, որոնք անելիք ունեն այս դաշտում, հայտնվելով տեղեկատվական հոսանքում, ավելի արագ են կարողանում նշմարել իրենց ստեղծագործական ճանապարհի վեկտորը, գտնել հանրությանն օգտակարլինելու իրենց հնարավորությունը, ինչը շատ կարևոր պայման է արվեստագետի կայացման հարցում։

Երկրորդ փոփոխությունը կրթական և մշակութային ավանդական կառույցներում նոր բաժինների կամ ճյուղերի ստեղծումն է, որտեղ պոտենցիալ մասնագետները կկարողանան իրագործել իրենց գաղափարները և ստեղծագործական ավելի էական արդյունքի հասնել։ Այդպիսով լայնանում է հնարավորությունների սպեկտրը, ինչպես նաև մասնագետների թվի ավելացումը խթանում է ոլորտի զարգացումը և դրանով ստեղծում այդ իսկ մասնագետների պահանջարկը, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել ձայնային արվեստի դպրոցի ստեղծմանը Հայաստանում։

Երրորդ հանգամանքն է արվեստի տարբեր ուղղություններում արվեստագետների միջև փոխադարձ հանդուրժողականության ձևավորումը, ինչպես նաև՝ կապիտալիստական համակարգում գտնվող և աշխատող արվեստագետների նկատմամբ հանդուրժողականությունը և այդ աշխատանքի՝ որպես դիմադրության միջոց ընկալումն ու գիտակցումը։

Չորրորդ՝ պատմական, մշակութային ժառանգության ընդունումն ու գործածումը։ Մշակութային արժեքների հանդեպ արտեֆակտային վերաբերմունքից անցում է կատարվում դեպի նոր տեսակի վերամշակում և ձևափոխում, հեղինակային իրավունքների կարևորության վերանայում։ Մշակութային արժեքների նկատմամբ հասարակության պահպանողական վերաբերմունքը թերևս դրդում էր նոր սերնդի ստեղծագործողներին հրաժարվել այդ արժեքներից, կամ ապստամբել դրանց դեմ. Պահպանողականից անցումը գործածական մոտեցմանը վերաարժեքավորում է ժառանգությունը որպես ստեղծագործական և կրթական նյութ։

***
Վերադառնալով Ավետ Տերտերյանի և այլ նորարար կոմպոզիտորների երաժշտական ժառանգությանը՝ հարկ է նշել, որ այն հիմնային նյութ է հանդիսանում նոր սերնդի ձայնային արվեստագետների համար։ Հայկական մոդեռն և ժամանակակից երաժշտության ձայնագրությունների արխիվը նաև օգտագործվել է հայ ժամանակակից և կոնցեպտուալ արվեստագետների կողմից։
Հայաստանում ձայնային մեդիայի հետ գործ ունեցող արվեստը դանդաղ է զարգանում՝ արևմուտքի համեմատ։ Այս պարագայում արևմուտքի ազդեցությունը հսկայական է և գերիշխող. համաշխարհային արվեստում Հայաստանի հավասարակշիռ դիրքը պահպանելու համար երկրի ձայնային արխիվի գիտակցված օգտագործումն ու տարածումը պարտադիր պայմաններ են։
Անկասկած մոտ ապագայում կլինեն լայնածավալ նախագծեր և փառատոներ, որոնք կխթանեն ինչպես ձայնային և երաժշտական ժառանգության վերաիմաստավորումն ու կիրառումը, այնպես էլ նոր ձայնային նյութի ստեղծումը։ Արդեն կարելի է կանխատեսել այդպիսի միջոցառումների պլանավորման առաջին քայլերը։
Ծայրահեղ կոռումպացված պետության և հասարակության պայմաններում անհնար էր պատկերացնել այս ձևաչափում կատարվող մասշտաբային աշխատանք ժամանակակից արվեստի, երաժշտության կամ ձայնային արվեստի ոլորտում։
Պատշաճ կազմակերպման, ռեսուրսների հայթայթման և դրանց ճիշտ բաշխման ու օգտագործման դեպքում ակնհայտ է դառնում այսպիսի նախաձեռնություններն իրականացնելու հնարավորությունը: Այս նախաձեռնությունների թվում կարող են լինել ակադեմիական, մոդեռն և ժամանակակից երաժշտության բացօթյա փառատոներ, արտիստիկ ռեզիդենսներ սկսնակ արվեստագետների համար, երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքները ներկայացնող փառատոներ, նոր մեդիայի հետ կապված ցուցահանդեսներ և փառատոներ և այլն։ Այս կամ այլ նմանատիպ նախաձեռնությունների կարիքն, ըստ իս,անվիճելի է։
Կարևոր է նաև նման նախաձեռնությունների կազմակերպչական ասպեկտը ապահովող այնպիսի մասնագետների պատրաստումը, որոնք կկարողանան սահմանափակ միջոցներով իրագործել մեծ մասշտաբի միջոցառումներ, որոնք կփոխեն հասարակության պատկերացումները արվեստի այս, ինչպես և այլ ճյուղերի մասին։

***
Շատ չհեռանալով թեմայից ու խորագրից՝ թվարկենք մի շարք արվեստագետների և երաժիշտների, որոնք իրենց դերն ունեն հայկական ձայնային արվեստի զարգացման մեջ։

Արտակ Գևորգյան (ArtakGevorgyan). «Բոհեմնոց» փորձարարական էլեկտրոնային լեյբլի համահիմնադիր, քաղաքական արտիստ:
Քաղաքական արվեստում իր նվաճումներից հետո Արտակ Գևորգյանը ստեղծեց «Բոհեմնոց» լեյբլը։ Դրա նպատակն է Հայաստանում երիտասարդ էլեկտրոնային երաժիշտների գործերի տարածումը։ Բացի դրանից, լեյբլը կազմակերպում է մինչև 12 ժամ տևող միջոցառումներ, որտեղ կարելի է լսել բազմապիսի էլեկտրոնային երաժշտություն։

Կայ Խաչատրյան (Kay Khachatryan). էլեկտրոնային երաժշտության հեղինակ, ձայնային արտիստ, ձայնային ինժեներ։
Կայ Խաչատրյանը աշխատում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հնչյունային ստուդիայում։ Մինչև էլեկտրոնային երաժշտությամբ զբաղվելը նա նվագել է պանկ, էքսպերիմենտալ երաժշտական խմբերում։ Ներկայումս նվագում է LSD sound out club խմբում։

Արեգ Առաքելյան (AregArakelyan). բանաստեղծ, երաժիշտ։
Արեգ Առաքելյանը LSD sound out club-ի հիմնադիրներից է։ Նրա նախագծերից է «Անգույն ծիածանը», որի ֆեյսբուքյան էջում կարելի է կարդալ Արեգի արտասովոր բանաստեղծությունները։

Duke. երաժիշտ, արվեստագետ, էլեկտրոնային երաժշտության հեղինակ։
Դյուկը կամ Վարդան Սարգսյանը նկարիչ է, որն իր ստեղծագործական ճանապարհի ընթացքում սկսել է նաև էլեկտրակիթառ նվագել: Աղմկային արտահայտումների հանդեպ արվեստագետի հետաքրքրությունը մոտեցրել է նրա երաժշտությունը ձայնային արվեստին։ Վարդանը նույնպես LSD sound out club-ի անդամ է։

Արաշ Ազադի (Arash Azadi). կոմպոզիտոր, էլեկտրոնային երաժշտության հեղինակ, վիդեոարտիստ, էմբիենթ երաժիշտ, ձայնային արտիստ։
Արաշ Ազադին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։ Նա իր ներդրումն ունի Երևանի փորձարարական երաժշտության և ձայնային արվեստի ասպարեզում, աշխատանքներ է ներկայացրել բազմաթիվ ցուցահանդեսներում։ Արաշը նաև ունի վիդեո աշխատանքներ և լայվ վիդեո արտիստ է։

Սամվել Խաչատրյան (Samvél Khatchatourian). էմբիենթ երաժիշտ, ձայնային արտիստ։
Սամվել Խաչատրյանը բավականին երիտասարդ արտիստ է՝ երևանյան այլ արտիստների համեմատ։ Նրա երաժշտությունը յուրահատուկ է. այն էմբիենթ և տեքնո ուղղությունների խառնուրդ է: Այդ երաժշտության մեջ կան փորձարարական տարրեր, որոնք ձայնային աբստրակցիա դառնալու ներուժ ունեն։

Դավիթ Հակոբյան (David Hakobyan). էլեկտրոնային երաժշտության հեղինակ, DJ:
Ձայնային արվեստում Դավիթ Հակոբյանի առաջին գործերից է Գաֆեսճեան արվեստի կենտրոնում Կամո Նիգարյանի «Շիզոպոլիս» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված ձայնային ինստալացիան։ Այժմ նա ակտիվ է էլեկտրոնային երաժշտության ասպարեզում, ստեղծում է նաև էմբիենթ և փորձարարական երաժշտություն։

Վազգեն Հարությունյան (Vazgen Harutyunyan). էլեկտրոնային երաժշտության հեղինակ, ձայնային արտիստ։
Վազգեն Հարությունյանի ստեղծագործական սկզբնական շրջանի գործերը փորձարարական ձայնային կոմպոզիցիաներ են։ Ներկայումս նա գրում է փորձարարական պարային երաժշտություն։ Նրա ստեղծագործություններին հատուկ են փորձարարություններ ժամանակի և ռիթմի հետ։

Cast Coverts. էլեկտրոնային երաժշտության հեղինակ, ձայնային արտիստ։
Ռաֆ Գեոլեցյանը դասական երաժշտական կրթություն ունի, ֆլեյտիստ է։ Նրա էլեկտրոնային երաժշտությունը կարելի է գտնել համացանցում տարբեր նախագծերի ձևով, որոնցից յուրաքանչյուրն իրեն հատուկ ուղղվածություն ու կոնցեպտուալ մոտեցում ունի։ Դրանցից են Blind Mortis, Cast Coverts, Optometric նախագծերը: Նա և Վահրամ Ակիմյանը միասին ստեղծել են Audio Visual Circle նախագիծը, որն առաջին անգամ ներկայացվել է Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում։

Դավիթ Բալասանյան (David Balasanyan). կոմպոզիտոր, փորձարար երաժիշտ, դաշնակահար։
Դավիթ Բալասանյանը ժամանակակից ակադեմիական կոմպոզիտոր է, նրա երաժշտությունը մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի տարրեր ունի։ Ներկայումս նա շարունակում է գրել ակադեմիական պարտիտուրներ և զուգահեռ աշխատում է ու համերգներով հանդես գալիս իմպրովիզացիոն երաժշտության ոլորտում։

Վան Սարկիսյան (Van Sarkissian). երաժիշտ, էլեկտրոնային արտիստ, Hassfest փառատոնի կազմակերպիչ։
Վանի հիմնած Hassfest փառատոնը Երևանի տեսաձայնային բեմի համար յուրահատուկ երևույթ է։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդ արվեստագետներին ներկայանալ Հայաստանում բոլորովին նոր ձևաչափում։ Hassfest-ի շրջանակներում Հայաստան են հրավիրվում նաև ժամանակակից արվեստագետներ ամբողջ աշխարհից։ Արտիստը այս հարցում նույնպես բավականին հետաքրքիր և յուրահատուկ ընտրություններ է կայացնում։

Եվա Խաչատրյան (Eva Khachatryan). կուրատոր, արվեստի մենեջեր։
Եվա Խաչատրյանը ժամանակակից արվեստի առաջամարտիկներից է Հայաստանում։ Նրա գործունեությունը կապված է եղել տարբեր կազմակերպությունների հետ, ներկայումս նա համագործակցում է Հայաստանում Գյոթե Ինստիտուտի հետ։ Նա Հայաստանում անց է կացրել համաշխարհային ճանաչում ունեցող Unsound Dislocation փառատոնը։ Եվան նաև ժամանակակից և մուլտիմեդիա արվեստագետ է։

Արտյոմ Էվոյան (Artyom Evoyan). ձայնային արտիստ, DJ:
Արտյոմ Էվոյանը ոչ միայն կարևոր գործառույթ ունի հայաստանյան իրականության մեջ որպես փորձարարական էլեկտրոնային երաժշտության հեղինակ, այլ նաև իր DJ սեթերի ժամանակ հաճախ միայն յուրօրինակ էքսպերիմենտալ ձայնային և երաժշտական կոմպոզիցիաներ է օգտագործում։

Մելիքսեթ Փանոսյան (Meliqset Panosyan). արվեստագետ։
Մելիքսեթ Փանոսյանը ժամանակակից արվեստագետ է, որի ստեղծագործություններում միախառնվում են տարբեր արտահայտման միջոցներ՝ քանդակ, ձայն, գործողություն, վիդեո և այլն։ Վերջին շրջանում հիմնականում ստեղծագործում է արտերկրում։

Արամ Հովհաննիսյան (Aram Hovhannisyan). Կոմպոզիտոր, QuarterTone կազմակերպության համահիմնադիր, Assonance անսամբլի գեղարվեստական ղեկավար։
Արամ Հովհաննիսյանը ժամանակակից կոմպոզիտոր է, կրթությունը ստացել է Երևանի կոնսերվատորիայում, հետագայում տեղափոխվել է Շվեյցարիա։ Շարունակում է պահպանել Հայաստանի ժամանակակից երաժիշտների հետ կապը. Quarter Tone կազմակերպության հիմնադիրներից է, որի միջոցով ակտիվ գործունեություն է ծավալում նաև Հայաստանում։

Հարկ է նշել նաև մի շարք այնպիսի գործիչների, ում հիմնական գործունեությունը կապված է վիզուալ արվեստների հետ, սակայն իրենք կարևոր ներդրում ունեն նաև ձայնային արվեստում: Նման գործիչներից են Դիանա Հակոբյանը (Diana Hakobyan), Դավիթ Կարեյանը (1973-2011), Կարեն Օհանյանը (Karen Ohanyan):

Այս և այլ արվեստագետները մասնակցում են ձայնային արվեստի դաշտի ստեղծմանն ու զարգացմանը Հայաստանում։ Ստորև ներկայացնում ենք հղումներ, որոնցով հնարավոր է ծանոթանալ արվեստագետների որոշ գործերին: Անունները գրված են լատինատառ՝ ֆեյսբուքյան անվանը համապատասխան։

ArtakGevorgyan
https://www.youtube.com/channel/UCD4CefFmEiGOfbwAQ1Mlj_w  
https://www.youtube.com/watch?v=ZR0Nq5cPrsk 

Kay Khachatryan
https://soundcloud.com/n-y-s-t-a-g-m-u-s-kay   
https://www.youtube.com/watch?v=pPNejOGWeVs  
https://www.youtube.com/watch?v=QZuv82az2is  
https://www.youtube.com/watch?v=iITa3Dj73u0 

collaboration with Duke
https://www.youtube.com/watch?v=2igReOaKWv4  
https://www.youtube.com/watch?v=tUrJqs7y3ys 

Contemporary Sound Orchestra
https://www.youtube.com/watch?v=lYqYQWL6qXE&t 

Areg Arakelyan
https://www.youtube.com/watch?v=V4iPKevI3DQ  
https://www.facebook.com/anguyntsiatsan/ 

Karen Ohanyan
https://www.facebook.com/karen.ohanyan.14/videos/2166302510081579/   
https://www.youtube.com/watch?v=XjpPxliiNfw&t 

Duke Duke
https://www.youtube.com/watch?v=oBt9IdGHpVc&t  
https://www.youtube.com/watch?v=mry3s7_uOkg  

Arash Azadi
www.azadiarash.com  
https://www.youtube.com/watch?v=in8ssiNDrXI  
https://www.youtube.com/watch?v=qY6Ws_cuyZ4  
https://www.youtube.com/watch?v=FHHmuR6E-og 

Samvél Khatchatourian 
https://samvelkhatchatourian.bandcamp.com/ 

David Hakobyan
https://soundcloud.com/davidhakobyan/schizo-polis  
https://soundcloud.com/davidhakobyan/hakobyan-aquarium 

Vazgen Harutyunyan
https://www.youtube.com/watch?v=k6KAXAUPYiI  
https://www.youtube.com/watch?v=wKknkvLh9Jw 

Cast Coverts
https://soundcloud.com/castcovert
https://www.youtube.com/watch?v=F_0YmsffX3w  
https://www.youtube.com/watch?v=oi0D_wVoATE 

David Balasanyan
https://www.youtube.com/watch?v=pWeAgS744ZA  
https://www.youtube.com/watch?v=7PN3ginrGp0  
https://www.youtube.com/watch?v=84gsWjC8O3A 

Van Sarkissian 
https://www.facebook.com/kordzmusic/videos/1795408550528447/  
https://www.youtube.com/watch?v=E0PrEHefxlA 

Eva Khachatryan
https://www.youtube.com/watch?v=EGn-6HJ0gtk  
https://www.facebook.com/sako.touloujian/posts/10156575111801212  
https://www.facebook.com/Plug-in-2221071238140795/ 

David Kareyan
https://www.youtube.com/watch?v=i6QZJur2edg  
https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/310911_565327016844982_1174315793_n.jpg?_nc_cat=109&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=4ac083a570e4e3987abc67852162f89b&oe=5CC4905F 

Diana Hakobyan
https://www.youtube.com/watch?v=XY4gVeZKkQE 
https://www.youtube.com/watch?v=Qunr7iKllYo 
https://www.youtube.com/channel/UC30jOicAbWfWoJDhgoCqKow 

Artyom Evoyan
https://soundcloud.com/mveq/34-v2 

Meliqset Panosyan
https://www.youtube.com/watch?v=rGIv2qye-5I 

Aram Hovhannisyan
https://www.youtube.com/watch?v=wD1XZFFNYNM 







 









Translated by Vigen Galstyan